Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատական քննության փորձը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը «Ապաստանի և ներգաղթի գործերով դատական քննությունը նոր դարաշրջանում․ քաղաքականության և իրավունքի գերակայության միջև» միջազգային համաժողովի շրջանակում եռօրյա աշխատանքային այցով Փարիզում է։

Այցի ընթացքում ԲԴԽ նախագահը պատվիրակության անդամների հետ հանդիպել է Ֆրանսիայի ապաստանի իրավունքի ազգային դատարանի նախագահ Թոմաս Անդրյուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապաստանի գործերով մասնագիտացված դատարանի գործունեության առանձնահատկություններն ու առավելությունները, Ֆրանսիայի փորձը, դատարանի պատմական զարգացումը և հետագա համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ ֆրանսիական փորձի ուսումնասիրությանը։

Քննարկման առարկա են դարձել նաև ապաստանի տրամադրման վարույթներում ազգային անվտանգությանն առնչվող և գաղտնի տեղեկատվության օգտագործման հարցերը, այդ տեղեկատվությանը դատարանի ու դիմումատուի հասանելիության առանձնահատկությունները՝ արդար դատաքննության երաշխիքների ապահովման համատեքստում։