Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Հայաստանի դատական իշխանությունն ընդլայնում է համագործակցությունը SIFoCC-ի հետ

2026 թվականի հունիսի 22–26-ը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը Լոնդոնում մասնակցել է SIFoCC Observation Programme-ին։

Այցի շրջանակում անցկացվել են հանդիպումներ Միացյալ Թագավորության Բարձր դատարանի (High Court), Վերաքննիչ դատարանի (Court of Appeal) և Գերագույն դատարանի (Supreme Court) դատավորների, ինչպես նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են դատական համակարգի գործունեությանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական անկախությանը և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացվել են Միացյալ Թագավորության դատական համակարգի լավագույն փորձն ու ժամանակակից մոտեցումները։

Տեղեկացնենք, որ Հայաստանի դատական իշխանությունը միացել է Առևտրային դատարանների միջազգային մշտական ֆորումի (Standing International Forum of Commercial Courts – SIFoCC) նախաձեռնությանը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը օտարերկրյա արբիտրաժային վճիռների և դատական ակտերի ճանաչման ու կատարման ոլորտում։
Նախաձեռնության շրջանակում ֆորումին անդամակցած դատական համակարգերը տարեկան ներկայացնում են ներդրումների համար կանխատեսելի և միջազգային չափանիշներին համահունչ իրավական միջավայրի ապահովմանն ուղղված օրենսդրական և դատական զարգացումները։

Համագործակցության հիմքը դրվել է 2025 թվականի նոյեմբերին Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայացած SIFoCC-ի 6-րդ լիագումար նիստի ընթացքում ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանի և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանի հետևողական աշխատանքի շնորհիվ։

SIFoCC-ի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում՝ ստեղծելով նոր հնարավորություններ միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և Հայաստանի դատական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար։