Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Համաժողով Ժնևում՝ նվիրված մտավոր սեփականության արդի խնդիրներին

Հոկտեմբերի 14-15-ը Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կազմակերպած՝ Մտավոր սեփականության հարցերով դատավորների 2026 թվականի համաժողովին։ 

Համաժողովը համախմբել է տարբեր երկրների դատավորների և մտավոր սեփականության վեճեր քննող մարմինների անդամների՝ ոլորտի արդի մարտահրավերները քննարկելու և մասնագիտական փորձի փոխանակման նպատակով։

Քննարկումների առանցքում են եղել արհեստական բանականությանն առնչվող իրավական հարցերը, առցանց հարթակների պատասխանատվությունը, անդրսահմանային վեճերը և մտավոր սեփականության վեճերի քննության հատուկ ընթացակարգերը։ 
Անդրադարձ է արվել նաև հեղինակային իրավունքի, արտոնագրերի և ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող խնդիրներին։

Համաժողովը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալու տարբեր երկրների դատական մոտեցումներին և փորձի փոխանակման շնորհիվ վեր հանել մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության ընդունելի մեխանիզմները։