Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Տեղի է ունեցել «կանաչ արդարադատության» միջազգային համաժողովը

Շրջակա միջավայրի պահպանությանը և դատական իշխանությանը նվիրված  միջազգային համաժողովը միավորել էր Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած դատավորների, միջազգային բարձրաստիճան հյուրերի։

Միջոցառման պաշտոնական բացմանը ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ շրջակա միջավայրի պահպանությունը միայն բնապահպանական քաղաքականության խնդիր չէ, այն անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային առողջությանը, կյանքի որակին և ապագա սերունդների բարեկեցությանը։ «Հետևաբար, բնապահպանական խնդիրների լուծման գործում կարևոր է նաև դատական իշխանության դերը՝ իրավունքի գերակայության և արդյունավետ դատական պաշտպանության ապահովման տեսանկյունից»,– նշել է նա։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,   Բրազիլիայի Ազգային Բարձր դատարանի բնապահպանության հարցերով գլոբալ դատական ինստիտուտի նախագահ Անտոնիո Հերման Բենջամինը,  ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

 «Բնապահպանական իրավունքը աշխարհում՝ նպատակները, սկզբունքները և գործիքները» խորագրով պանելային քննարկման նախագահող ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը,  բանախոսներ՝ դատավոր Անտոնիո Հերման Բենջամինը, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը,  ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի տնօրեն Պատրիսիա Կամերի-Մբոտեն, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի հողերի և շրջակա միջավայրի դատարանի  դատավոր Բրայան Պրեսթոնը, Բելգիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ և Գենտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Լյուկ Լավրիսեն մտքեր են փոխանակել  բնապահպանական իրավունքի գերակայությանն առնչվող դատական պրակտիկայից։

ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը խոսել է «բնապահպանական ռիսկը և դատական պաշտպանությունը» թեմայի մասին՝ հիմնականում անդրադառնալով կանխարգելիչ արդարադատությանը: 

Քննարկել են  միջազգային բնապահպանական իրավունքի գերակա սկզբունքները, դրա գործնական իրականացման համար կիրառվող գործիքների ամբողջությունը, ինչպես նաև այս գործընթացում դատավորների և դատարանների դերը։ «Գործիքակազմի ուսումնասիրություն․ անտառների, ջրային ռեսուրսների, աղտոտման և թափոնների, ինչպես նաև կլիմայի փոփոխության իրավական համակարգը» խորագրով քննարկումը, որը նախագահել է Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը, նվիրված է եղել բնապահպանական իրավունքի գերակայության ոլորտում հատվածական  մոտեցումներից միասնական մոտեցման անցմանը, ինչպես նաև կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության ամրապնդման գործում դատարանների դերին։

Քննարկմանը բանախոսել են Հնդկաստանի Ազգային կանաչ տրիբունալի նախագահ Պրակաշ Շրիվաստավան, Պապուա Նոր Գվինեայի Գերագույն և ազգային դատարանների փոխնախագահ Ամբենգ Կանդակասին,  Բելգիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ և Գենտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Լյուկ Լավրիսենը,  Լուիզիանայի նահանգային համալսարանի միջազգային բնապահպանական իրավունքի պրոֆեսոր Նիք Բրայները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջակա միջավայրի քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Թիմ Սքոթը,  Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթև Սուջյանը։

«Մատչելի արդարադատություն» խորագրով քննարկմանը բանախոսել են ասիական և եվրոպական երկրների հրավիրյալ դատավորներ։

Վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանն այս խորագրի ներքո  անդրադարձել է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու իրավունքի առանցքային բաղադրիչներին։

Ընդհանուր առմամբ համաժողովին  ամփոփվել են շրջակա միջավայրի վերաբերյալ օրենսդրության վերջին զարգացումները, անդրադարձ է եղել  դատական իշխանության դերին՝ օրենսդրությունն արդյունավետ մեկնաբանելու, ինչպես նաև դրա իրականացմանն ու կիրառմանն աջակցելու հարցում։

Միջոցառումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի, Բնապահպանության հարցերով գլոբալ դատական ինստիտուտի, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական իրավունքի համաշխարհային հանձնաժողովի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ջանքերով՝ COP 17-ի շրջանակում։ 

Մանրամասները՝ տեսանյութում