Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Դատական իշխանության ներկայացուցիչները մասնակցել են SLAPP-ի դեմ պայքարին նվիրված միջազգային վերապատրաստմանը

2026 թվականի հուլիսի 1-3-ը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը և Երևանի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը Լեհաստանում մասնակցել են «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) դեմ պայքար (Countering SLAPPs)» խորագրով միջազգային վերապատրաստմանը։

Ծրագրի նպատակն էր զարգացնելու գործնական և տեսական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակին «SLAPP» հայցերի բացահայտման, ինչպես նաև ազգային իրավական համակարգերում դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները ներդնելու համար։

Եռօրյա վերապատրաստման ընթացքում դատավորները ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպող գործնական խնդիրները, կիսվել դատական պրակտիկայում առկա մոտեցումներով, ինչպես նաև ներկայացրել են փորձագիտական զեկույցներ, համեմատական իրավական վերլուծություններ, գործնական դեպքերի (case studies) ուսումնասիրություններ և մասնակցել միջազգային ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումների։


Նշենք, որ «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) դեմ պայքար» խորագրով միջազգային վերապատրաստումը կազմակերպվել էր Լեհաստանի դատական իշխանության և դատախազության ազգային դպրոցի (KSSIP), Եվրոպայի խորհրդի և CEELI ինստիտուտի համատեղ ջանքերով։