Տեղի է ունեցել «Դատական երկխոսության հարթակ» աշխատանքային հանդիպումը
Նոյեմբերի 4-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է «Դատական երկխոսության հարթակ» նախաձեռնության աշխատանքային հանդիպմանը։
Ողջույնի խոսքում Արթուր Աթաբեկյանը կարևորել է միջազգային դատական կառույցների հետ մասնագիտական սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը՝ ընդգծելով, որ դատական համակարգի զարգացումն ու արդարադատության որակի բարելավումը պահանջում են ինչպես ազգային մակարդակում հետևողական աշխատանք, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ ակտիվ երկխոսություն։
ԲԴԽ նախագահն առանձնահատուկ շեշտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի խորքային ընկալման և ազգային դատական պրակտիկայում դրա արդյունավետ կիրառման նշանակությունը՝ կարևորելով նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպումը՝ որպես դատական համակարգերի միջև փոխըմբռնման և փոխադարձ վստահության ամրապնդման միջոց։
Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը միտված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի մեկնաբանման և ազգային մակարդակում դրա կիրառման վերաբերյալ կանոնավոր ու գործնական քննարկումների ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն դատական մարմինների և ՄԻԵԴ-ի միջև շարունակական համագործակցության ամրապնդմանը։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավոր Վահե Գրիգորյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը:
ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանն անդրադարձել է իրավունքի փոխակերպման շրջանում արդարադատության մատչելությանը՝ կարևորելով արհեստական բանականության և թվային գործիքների կիրառումը:
Հանդիպմանը ներկա էին դատական իշխանության ներկայացուցիչներ ԵԽ գործընկերներ:
Միջոցառումն ամփոփել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական, ԵՄ/ԵԱՏՀ Նորվեգական դրամաշնորհների համակարգող Լիլիթ Դանեղյանը: