Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատական իշխանությունների միջև մասնագիտական կապերի զարգացման հեռանկարներին։

ԲԴԽ նախագահը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում դատական իշխանությունների անմիջական երկխոսության ձևավորումն ու փորձի փոխանակումը։ Արթուր Աթաբեկյանն ընդգծել է, որ Չինաստանի՝ դատական համակարգի արդիականացման և տեխնոլոգիական լուծումների ներդրման փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի դատական համակարգում իրականացվող թվային փոխակերպման գործընթացների համար։

Այս համատեքստում ԲԴԽ նախագահն առանձնացրել է մասնագիտացված թվային դատարանների գործունեության, վեճերի առցանց քննության կազմակերպման, թվային ապացույցների հավաստիության ապահովման և պահպանման փորձի ուսումնասիրությունը։

Նա հատուկ ընդգծել է դատական համակարգում արհեստական բանականության օժանդակ գործիքակազմի կիրառման հեռանկարների կարևորությունը։ Միաժամանակ կարևորվել է տեխնոլոգիական լուծումների ներդրման իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ուսումնասիրությունը՝ Հայաստանի օրենսդրության և անձնական տվյալների պաշտպանության պահանջների համատեքստում։

Կողմերն անդրադարձել են Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարան և մասնագիտացված թվային դատարաններ ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորություններին՝ կարևորելով դատավորների ու դատական ծառայողների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման ծրագրերին։

Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու երկրների դատական համակարգերի միջև անմիջական մասնագիտական շփումների հաստատմանն ուղղված առաջիկա աշխատանքային քննարկումների անհրաժեշտությունը։