Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են դատավորների վերապատրաստմանն առնչվող հարցեր
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը հյուրընկալել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանին և Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանին:
Քննարկման առանցքում են եղել դատավորների վերապատրաստման հարցերը և դատավորների ակնկալիքների շրջանակում այդ դասընթացների բարելավման հեռանկարները:
Հանդիպմանը կարևորվել է բարձր ատյանի դատարանների նախագահների, դատավորների ներգրավումը դասավանդման գործընթացում՝ դատական պրակտիկայի միասնականությունը և փորձի արդյունավետ փոխանցումն ապահովելու նպատակով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն առաջարկել է ժամանակի պահանջին և տեխնոլոգիաների զարգացման համատեքստում դիտարկել դասընթացների կազմակերպումը միջազգային գործընկերների փորձի ներգրավմամբ՝ շեշտելով արհեստական բանականության գործիքների կիրառման և այդ ուղղությամբ հատուկ վերապատրաստումների անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ: