Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը մասնակցել է շրջակա միջավայրի և կլիմայական դինամիկայի ապագային նվիրված միջազգային համաժողովին
2026 թվականի սեպտեմբերի 19-20-ը Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայացել է «Շրջակա միջավայրի և կլիմայական դինամիկայի ապագան» (The Future of Environment and Climate Dynamics) խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը։
Հնդկաստանի Ազգային կանաչ տրիբունալի (National Green Tribunal) կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են տարբեր երկրների դատական համակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական իրավունքի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի փորձագետներ։
Համաժողովի բացման արարողությանը որպես գլխավոր հյուր մասնակցել և ելույթ է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իսկ եզրափակիչ նիստի գլխավոր հյուրն էր Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն։
Կարեն Զարիկյանը համանախագահել է համաժողովի «Reflections» թեմատիկ նստաշրջանը և հանդես եկել «The Way Forward for the Future» թեմայով զեկույցով՝ անդրադառնալով բնապահպանական իրավունքի արդյունավետ կիրառմանը, վարչական արդարադատության դերին և բնապահպանական հարցերով միջազգային ու միջդատական համագործակցության զարգացման անհրաժեշտությանը։
Ելույթում Կարեն Զարիկյանը հատուկ անդրադարձել է նաև 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ընդգծելով Նյու Դելիում կայացած քննարկումների և Երևանում առաջիկայում կայանալիք համաժողովի օրակարգերի փոխկապակցվածությունը։
Երկօրյա համաժողովի շրջանակում քննարկվել են կլիմայական արդարադատության, շրջակա միջավայրի պահպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, կենսաբազմազանության, անտառների պաշտպանության և վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում միջազգային ու միջդատական համագործակցության զարգացման հարցեր։