Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը ելույթ է ունեցել COP17-ի շրջանակում կազմակերպված Դատավորների օրվա միջոցառմանը

2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը մասնակցել է Երևանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կազմակերպված Դատավորների օրվա («Judges Day») միջոցառմանը՝ հանդես գալով ելույթով «Բնության պաշտպանության դատական մոտեցումներն ու հեռանկարները» խորագրով պանելային քննարկման ընթացքում։

Կարեն Զարիկյանը ներկայացրել է բնապահպանական արդարադատության մատչելիության հայկական փորձը՝ անդրադառնալով ֆիզիկական անձանց և հասարակական կազմակերպությունների՝ վարչական դատարան դիմելու իրավունքի առանձնահատկություններին։

Մասնավորապես, նա խոսել է սահմանադրական և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված իրավական բարդությունների, դրանց հաղթահարմանն ուղղված դատական մեկնաբանության մեթոդների և Օրհուսի կոնվենցիայի կիրառման կարևորության մասին։

Անդրադառնալով բնապահպանական հասարակական կազմակերպությունների դատական պաշտպանության հնարավորություններին՝ Կարեն Զարիկյանն ընդգծել է դրանք ընդլայնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ գործող օրենսդրությամբ սահմանված որոշ նախապայմաններ կարող են անհամաչափ սահմանափակել դատարան դիմելու իրավունքը։

Եզրափակելով ելույթը՝ Վարչական դատարանի նախագահը կարևորել է վարչական արդարադատության դերը պետական մարմինների գործունեության իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության և բնապահպանական ոլորտում իրավունքի գերակայության ապահովման գործում։