Աբու Դաբիում քննարկվել են հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 26-ից 30-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը հայաստանյան ներկայացուցչական պատվիրակության կազմով Աբու Դաբիում մասնակցել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության տասնհինգերորդ համագումարին։
Համագումարը միավորել է անդամ պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտային կառույցների ներկայացուցիչների՝ հանցավորության կանխարգելման, քրեական արդարադատության համակարգերի զարգացման, իրավունքի գերակայության և միջազգային համագործակցությանն առնչվող արդիական հարցերը քննարկելու նպատակով։
Միջոցառման հիմնական թեման էր հանցավորության կանխարգելման, քրեական արդարադատության և իրավունքի գերակայության առաջխաղացումը՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի իրականացմանը նպաստելու համատեքստում։
Համագումարի շրջանակում անդրադարձ է արվել մարդակենտրոն, համապարփակ և արձագանքող քրեական արդարադատության համակարգերի ձևավորմանը, բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովմանը, հանցավորության նոր և փոփոխվող դրսևորումներին հակազդելուն, տվյալների և տեխնոլոգիաների գրագետ կիրառմանը, ինչպես նաև՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում համագործակցության ու գործընկերային կապերի ամրապնդմանը։
Այցի ընթացքում հայաստանյան բարձրագույն ներկայացուցչական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր երկրների արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են դատական իշխանության գործունեությանը, արդարադատության մատչելիությանը, համակարգերի արդյունավետության բարձրացմանը, ԱԲ գործիքների կիրառմանը, փորձի փոխանակմանը և հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Պատվիրակության անդամներն էին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, ինչպես նաև Գլխավոր դատախազությունից, Ներքին գործերի նախարարությունից, Արդարադատության նախարարությունից այլ պաշտոնատար անձինք։