Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Հաշվի առնելով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թափուր տեղի առկայությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի որոշում), Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ այսուհետ՝ նաև Որոշում և Վճռաբեկ դատարանի նախագահի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի՝ Դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին թիվ 82-Ա հրամանով, Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու նպատակով տեղեկացվում է, որ Օրենսգրքի 77-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, ինչպես նաև՝ Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող ոչ առևտրային կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:

 

   Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու կամ դատավորի կողմից առաջադրվելու մասին.

 

-Ինքնաառաջադրումը․

        Օրենսգրքի 77-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

      Ընդհանուր ժողովի որոշման 76.7. կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ինքնաառաջադրման դեպքում թեկնածուն Դատական դեպարտամենտ է ներկայացնում դիմում՝ կցելով.

1)  թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2)    թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

3)    թեկնածուի կենսագրությունը և գործունեության մասին տվյալները.

4)   թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ իր կենսագրությունը և գործունեության մասին տվյալները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ.

5)    իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

6) գիտական աստիճանի առկայությունը և (կամ) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

7)համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:

 

- Դատավորի կողմից առաջադրումը․

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի՝ դատավորի կողմից առաջադրվելու դեպքում, դատավորը Դատական դեպարտամենտ է ներկայացնում նախորդիվ նշված փաստաթղթերը, ինչպես նաև՝ թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ դատավորի կողմից իրեն որպես թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

         Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ոչ առևտրային կազմակերպությունների կողմից առաջադրվելու մասին.

 

-Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից առաջադրումը․

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի և Ընդհանուր ժողովի որոշման 76.5-րդ կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի՝ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի անդամի ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

       Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանած Հավելված 1-ի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունների), որոնք.

1)   ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում.

2)   Դատական դեպարտամենտի կողմից Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության նպատակով հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:

 

Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1)Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով Դատական դեպարտամենտին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի մասին, ինչպես նաև՝ պարունակի թեկնածուի անուն-ազգանունը։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնության վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման (հաշվառման) վկայականի կամ պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքի, կանոնադրության, ինչպես նաև դիմումի ներկայացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների և իր կանոնադրական նպատակների շրջանակներում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

3)Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4)   Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5)   Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7)Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին.

8)Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Հայերենին տիրապետելու հանգամանքը հաստատվում է ուսումնական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ, կամ տեղեկանք), որը վկայում է, որ անձը կրթություն է ստացել հայերենով կամ ավարտել է կրթական ծրագրով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունը և անցել ամփոփիչ ատեստավորում.

9)Բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

10)Իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11)Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

 

Տեղեկացվում է, որ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի համապատասխան փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2026 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ, առձեռն կամ փոստային եղանակով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով:

 

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 511-799/824, (010) 511-823 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային նամակ գրել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեին: