Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Մեկնարկել է Հայաստան-Հորդանան հակակոռուպցիոն ոլորտի փորձի փոխանակման համաժողովը

Սեպտեմբերի 8-ին Երևանում մեկնարկել է «Մասնագիտական առաքելություն ՀՀ հակակոռուպցիոն դատարան» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության միջտարածաշրջանային հետազոտական ինստիտուտի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկությունն այժմ. հակակոռուպցիոն ջանքերի ամրապնդում ԵՄ հարավային հարևանությունում» ծրագրի շրջանակում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության միջտարածաշրջանային հետազոտական ինստիտուտի ավագ իրավաբանական պատասխանատու Ջեյմս Շոուն:

Հանդիպման հիմնական նպատակն էր Հորդանանի հակակոռուպցիոն ոլորտի պաշտոնյաներին ներկայացնել Հայաստանի լավագույն փորձը՝ հակակոռուպցիոն գործերով որոշումների կատարման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բնագավառում։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանը ներկայացրել է առանց մեղադրական վճռի գույքի բռնագանձման քաղաքացիական ընթացակարգերի, ակտիվների հետագծման և վերականգնման Հայաստանի փորձը:

Աշխատաժողովի երկրորդ օրը նախատեսվում է քննարկել դատաքննության, բռնագանձման, ակտիվների հետագծման ու վերականգնման Հայաստանի գործնական օրինակները, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերները: