Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը մասնակցել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստին, որն իրականացվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) համագործակցությամբ:

Միջգերատեսչական հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել  Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Թագուհի Հարությունյանը, ելույթ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Հանդիպման օրակարգային հարցերից էր ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված թվային տեղեկատվական համակարգի (համակարգ) կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ այս պահին գործող համակարգն ամբողջովին նորացվելու է 2027 թվականից, ինչը պահանջում է պատասխանատու մարմինների ջանքերի մեկտեղում ու բարելավման համալիր աշխատանքների իրականացում։ Թարմացված համակարգի գործարկումը դեպքերի օպերատիվ վերլուծության հնարավորություն կտա՝ նպաստելով բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության և վերականգնողական (ռեբիլիտացիոն) մեխանիզմների կատարելագործմանը։

Արուս Հայրապետյանն այս համատեքստում գործընկերներին մանրամասներ է ներկայացրել համակարգի մշակման աշխատանքներում Դատական դեպարտամենտի ներգրավվածության մասին։ Չշրջանցելով լրամշակման գործընթացում առկա որոշ  խնդիրներ՝ նա խոսել է քրեաիրավական ոլորտից դուրս գտնվող դատաիրավական գործընթացների իրականացման համար օրենսդրական հնարավորությունների ընդլայնման  անհրաժեշտությունից, այն է՝ վարչական և քաղաքացիական դատավարությունների շրջանակներում զուգահեռ ընթացող վարույթները մեկ միասնական վարույթի շրջանակում քննելու օրենսդրական հնարավորության ապահովումը, մյուս կողմից՝ վարչական դատարանի գերբեռնվածությանը, համակարգ մուտքագրված տվյալների հասանելիության ապահովման և հաշվառման ամբողջականության խնդիրները, ընտանեկան բռնության գործերով մասնագիտացված դատավորների վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ վիճակագրության վարման իրավական հիմքերի վերանայման գործընթացը։

Ներկայացնելով քաղաքացիական գործերով վիճակագրական տվյալները՝ Արուս Հայրապետյանը նշել է, որ արձանագրվել է դեպքերի թվի նվազում, միևնույն ժամանակ բարձրացել է դատարան դիմելիության մակարդակը։

Հանդիպման ավարտին կարևորվել է համակարգին առնչվող քննարկումների շարունակականության ապահովումը։