Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

ԲԴԽ-ում հյուրընկալել են Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ներկայացուցիչներին

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Երանուհի Թումանյանցը, Դատական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպել են Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փորձագետ Լյուբոմիր Պետրուլյեսկովի և արտաքին հարաբերությունների ու գործընկերությունների գծով տնօրեն Լիլիանա Դե Մարկոյի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի և IDLO-ի միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև դատական համակարգի կարիքներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել դատական գործերի թվայնացման գործընթացի շարունակականության ապահովմանը, արխիվների թվայնացմանը, դատական վիճակագրության բարելավմանը, ինչպես նաև վարչական դատավարության օրենսդրության, այդ թվում՝ նոր օրենսգրքի, կատարելագործման անհրաժեշտությանը։ Նշված ուղղությունները Դատական դեպարտամենտի առաջնահերթություններից են։

Կողմերը խոսել են Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների կարողությունների զարգացման հեռանկարներից՝ այդ հարցում նշանակություն տալով միջազգային փորձի կիրառման հնարավորություններին։

Հյուրերը տեղեկացրել են, որ Դատական համակարգի կարիքների վերլուծությունից հետո կհստակեցնեն համագործակցության հնարավոր ուղղություններն ու եղանակները։

Հիշեցնենք, որ IDLO-ն Հայաստանի հետ համագործակցում է դատական կարողությունների զարգացման, քաղաքացիական դատավարության, սնանկության և հակակոռուպցիոն արդարադատության ոլորտներում։ 2018–2020 թվականներին IDLO-ն EBRD-ի աջակցությամբ իրականացրել է Հայաստանի նոր սնանկության դատարանի գործառնական աջակցության և կարողությունների զարգացման ծրագիր, իսկ 2019–2020 թվականներին՝ նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ դատական կարողությունների զարգացման ծրագիր։ Կազմակերպությունն աջակցել է նաև հակակոռուպցիոն արդարադատության զարգացմանը և համապատասխան մասնագետների կարողությունների ամրապնդմանը։