Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Մասնագետները քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները

 «Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի մասին» նոր օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումներն այսօր քննարկել են ոլորտի մասնագետները։

 Նախագծերի փաթեթով նախատեսվում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող լիազոր մարմնի ինստիտուցիոնալ վերափոխում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից անցում կատարելով Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի ձևաչափին։

Մասնագետների ուշադրությանն է ներկայացվել տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման (DPIA) գործիքը և տվյալների պաշտպանության պատասխանատուի (DPO) ինստիտուտը, որոնք կոչված են պետական մարմիններում ապահովելու անձնական տվյալների պաշտպանության պահանջների պատշաճ կատարումը, նվազեցնելու տվյալների մշակման ռիսկերը և կանխելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրավախախտումների առաջացման հավանականությունը։

 Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանն անդրադարձել է դատական ակտերում առկա անձնական տվյալների ապաանձնավորման կարևորությանը՝ ընդգծելով արդարադատության հրապարակայնության և անձի մասնավոր կյանքի ու անձնական տվյալների պաշտպանության իրավունքի միջև հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը։

Արուս Հայրապետյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը գերատեսչական առումով նախագծի վերաբերյալ դիտարկումներ չի ներկայացրել, քանի որ առկա դիտարկումները համընդգրկուն էին և դուրս էին նախագծի շրջանակներից։

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը հիշեցրել է, որ դեռևս Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումից ի վեր՝ դատական համակարգի առջև ծառացած է դատական ակտերում առկա անձնական տվյալների ապաանձնավորման ավտոմատ ծրագրի ներդրման հարցը:

Նա շեշտել է, որ Դատական օրենսգրքի պահանջն է ապահովել ապաանձնավորված դատական ակտերի հրապարակումը, մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում այդ գործընթացն իրականացվում է ձեռքով՝ դատական ծառայողների կողմից, ինչը բավականին աշխատատար գործընթաց է։

Քննարկման ընթացքում անդրադարձ է արվել նաև Հանձնաժողովի կազմի ձևավորման և կառուցվածքի, պետական կառույցներում տվյալների պաշտպանության պատասխանատուի հաստիքի և նրա գործառույթների, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության ջանքերով։