Ազգային ժողով է ներկայացվել Դատական իշխանության 2027 թվականի բյուջեի նախագիծը
Դատական դեպարտամետի ղեկավար Նաիրի Գլաստյանը Ազգային ժողովում ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի 2027 թվականի բյուջեի նախագիծը: Նա նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման, կազմում է շուրջ 18.8 մլրդ. դրամ (տասնութ միլիարդ յոթ հարյուր իննսուներեք միլիոն երկու հարյուր յոթանասունութ հազար երեք հարյուր ՀՀ դրամ), որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 23 միջոցառում: Ներկայացնում ենք Նաիրի Գալստյանի ելույթից մանրամասներ. «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է շուրջ 18.8 մլրդ. դրամ, որը ավել է 2026 թվականի ճշտված բյուջեից շուրջ 1.9 մլրդ. դրամով կամ 11.3%-ով: Կառուցվածքային առումով` Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների բյուջեի նախագիծն ունի հետևյալ բովանդակությունը.
Ընթացիկ (պահպանման) ծախսեր՝ շուրջ 18,0 մլրդ. դրամ (տասնութ միլիարդ քառասունինը միլիոն չորս հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր ՀՀ դրամ), որն իր մեջ ներառում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների, գրասենյակային և կենցաղային ապրանքների, վարչական, կառավարչական, տրանսպորտային, կապի, էներգետիկ, կոմունալ ծառայությունների ձեռք բերման և այլ ծախսեր:
Դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար չկանխատեսվող ծախսեր (Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդ)՝ շուրջ 331,0 մլն. դրամ: Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատական իշխանության մարմինների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին:
Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ) ծախսեր, մասնավորապես՝ «Վարչական սարքավորումներ» հոդվածի գծով ՝ 375.3 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ ընթացիկ ծախսերը ավելացել են շուրջ 1,5 մլրդ. դրամով կամ 9.1%-ով։