29 հունիսի 2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին: Ներկա էին նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահները, վարչական մասնագիտացման դատավորներ:

«Այսօր դատական իշխանության կարևորագույն մարտահրավերներից է արդարադատության անհամաչափ օգտագործումը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսատարության». այս կնճռոտ հարցի շուրջ էլ մեկնարկեց քննարկումը: Անդրադառնալով խնդրին՝ պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ վարչական մարմնի նշանակված տուգանքի (մասնավորապես ՃՈ կողմից) վիճարկման գործեր քննելիս՝ պետությունը հաճախ մոտ տասն անգամ ավելի ծախս է կատարում ի համեմատ վիճարկվող տուգանքի, մանավանդ որ արդարադատական այդ գործընթացը կանխարգելիչ բնույթով էական ազդեցություն չի ունենում նմանօրինակ զանցանքների հնարավոր կանխման առումով:

Խնդրի լուծման իրենց տարբերակն առաջարկեցին գերմանացի փորձագետները՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում հաճախ ՃՈ ակտերի վիճարկման գործերը համարվում են փոքր քրեական գործեր և դուրս են վարչական դատարանի իրավասությունից կամ պարզ իրավախախտումների դեպքում բավարար է նախազգուշացում կիրառելը: Վարչական հաշտարարության ներդրումը ևս կնպաստի վարչական վեճերի արտադատական լուծմանը:

Փորձագետների համոզմամբ՝ օրենսդրության վերանայման կարիք ևս կա: Օրինակ, Գերմանիայում սոցիալական նպաստի գործերով վեճերի քննությունն անվճար է, մինչդեռ Հայաստանում՝ հակառակը, ՃՈ ակտերի վիճարկումն անվճար է, իսկ սոցիալական նպաստների վեճերով գանձվում է պետտուրք:

Ինչ վերաբերում է վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին, գերմանացի փորձագետների ներկայացմամբ, միջազգային պրակտիկայում ցածր է բողոքարկման աստիճանը: Եվրոպական իրավունքի և պրակտիկայի տեսանկյունից` հաճախ բավարար է բողոքարկման մեկ կամ երկու ատյանը, այսինքն՝ կարելի է օգտվել սահմանափակ բողոքարկման դատավարական ինստիտուտից:

Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ է ներդնել նաև վարչական բողոքարկման գործուն կառուցակարգ, և բողոքարկման հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ թե ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության և փաստաբանության ներկայացուցիչներ: Քննարկման առարկա դարձավ նաև վարչական դատավորների և ոստիկանների համար համատեղ սեմինարների կազմակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե երբ է պետք տուգանել, երբ՝ նախազգուշացնել:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչական արդարադատություն իրականացնելիս փոստային ծառայությունների ծախսատարության, ոչ օպտիմալ դատական տարածքների, ինչպես նաև վարչական արդարադատության հետագա զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումներ և օրենսդրական հնարավոր կարգավորումներ պահանջող հարցերին:

  •  

  •  

  •  

  •  

    Վերադառնալ

     

     

    Վերադառնալ