17 հունվարի 2019

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության նախաձեռնությամբ 2019-ի թվականի հունվարի 17-ին մեկնարկեց դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստում-դասընթացների շարքը: Նպատակն է ոչ միայն վեր հանել դատաիրավական ոլորտի լուսաբանման հիմնախնդիրները, ծավալել առողջ գործընկերային քննարկում, այլև մամուլի՝ որպես 4-րդ իշխանության միջոցով հասարակության մեջ նպաստել «գրագետ իրավական սպառող» հայեցակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

Դասընթացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ բանախոս, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով ծառայության նախաձեռնությունը, նկատեց, որ նմանատիպ սեմինար-քննարկումների շարքը հնարավորություն կտա ոչ միայն մոտիկից ծանոթանալու դատական իշխանության առջև ծառացած խնդիրներին, այլև հնարավոր փոփոխություններին, որոնց լուծման ուղղությամբ քայլեր են արվում, քանզի շատ հարցերի քննարկումներ թերի են մնում նաև դրանց մասին պատշաճ իրազեկված չլինելու պատճառով:

Խոսելով օրենսդրական բարեփոխումների առաջնահերթությունների մասին՝ Գագիկ Հարությունյանը ընդհանուր գծերով անդրադարձավ դատարանների գործունեության, իրավունքի չարաշահման ինստիտուտի, դատական իշխանության անկախության հիմնական բաղադրիչների և, հատկապես, դատական իշխանության արդյունավետության բարձրացման հայեցակարգային բնույթի հիմնախնդիրներին: Նրա խոսքով՝ իշխանությունների բաժանման համատեքստում ելակետային պետք է դիտարկել այն հանգամանքը, որ իշխանությունների սահմանադրական հավասարակշռության ապահովումը մեծապես պայմանավորված է իշխանությունների գործառութային, հակակշռող և զսպող լիազորությունների հաշվեկշռվածությամբ, ինչպես նաև իշխանությունների զսպման ու սահմանափակման համասոցիալական ներուժի իրացման հարցում քաղաքացիական հասարակության իրական դերով ու իրավունքի գերակայության երաշխավորման աստիճանով: Ավելին, հակակշռող և զսպող մեխանիզմների ներդրմամբ կարելի է ստեղծել արդյունավետ դատական իշխանություն, որը կբերի նաև երկրի կայունությանը: Խորհրդի կողմից ձևավորվել է նաև աշխատանքային խումբ, որն զբաղվում է համակարգային փոփոխությունների հայեցակարգային մոտեցումների ռազմավարության մշակմամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսը տեղեկացրեց, որ Խորհրդի կողմից ընդունվել է «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները հաստատելու մասին» որոշում, որի նախագիծը լրամշակվել է հանրային քննարկան արդյունքում:

Հանդիպման ավարտին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունն առաջարկեց մասնակիցներին ներկայացնել իրենց հետաքրքրող թեմաները՝ հետագայում դրանց շուրջ ևս դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ:

  •  

    Վերադառնալ