14 փետրվարի 2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Փետրվարի 14-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասը:

Խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ելնելով միջնորդության քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշեց.

1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումն ամբողջությամբ հնգօրյա ժամկետում կուղարկվի վարույթ հարուցող մարմիններ և դատավորին: Այն կտեղակայվի նաև Դատական իշխանության պաշտոնական կայքում:

Բարձրագույն Դատական Խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն:

 

Վերադառնալ