12 նոյեմբերի 2018

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ…

Առանձին անձանց սուբյեկտիվ, առևտրային, գրանտային կամ այլ շահերից ելնելով և նրանց կողմից շահարկելով օրենսդրության մեջ առկա անհստակությունները` մամուլում հրապարակումներ են հայտնվում Բարձրագույն դատական խորհրդի իբրև թե ինչ-ինչ «կամայական», «ապօրինի», «կողմնակալ» որոշումների առնչությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը, քաջատեղյակ լինելով նման հրապարակումների ու օգտագործվող բառամթերքի շարժառիթներին, անգամ հանրահայտ փաստերի խեղաթյուրումներին, ավելորդ է համարում դրանց առարկայական անդրադարձը` ակնհայտ անհիմն ապատեղեկատվությանն այդչափ կարևորություն չտալով:

Միաժամանակ, հանրային ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործել և այսուհետև նույնպես գործելու է բացառապես Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան` հավատարիմ մնալով իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացմանը:

Իսկ նման հրապարակումներով Բարձրագույն դատական խորհրդի վրա ճնշում գործադրելու փորձերն անհեռանկար են ու անպտուղ:

 

Վերադառնալ