Կայքը գտնվում է մշակման փուլում

10 սեպտեմբերի 2018թ.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին:

ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ Դիանա Հովհաննիսյանն իր մասնագիտական գիտելիքներն ու ողջ ներուժը կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-383-Ա հրամանով՝ Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Դատավորների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ արդարադատության համալիր բարելավման հայեցակարգին, պատասխանեց նաև դատավորներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին դատավորի սոցիալական անկախության երաշխիքներին, նյութատեխնիկական և օրենսդրական բնույթի առկա խնդիրներին:

ԲԴԽ նախագահը կրկին անգամ շեշտեց, որ Խորհուրդը բաց է և պատրաստակամ՝ դատավորների հետ պարբերաբար հանդիպելու և քննարկելու դատական իշխանությանը վերաբերող առանցքային բոլոր հարցերը:

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն


  •  

     

    Վերադառնալ