10 հունվարի 2019

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՆ ՊԻՏԻ ԲՈՒԺԻ ԵՎ ՈՉ ՀԻՎԱՆԴԱՑՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ժուռնալիստը քարոզչական «զենք» չէ. պրոֆեսիոնալ պարտք է` ասել ճշմարտությունը` լսարանիդ վզին չփաթաթելով սեփական կարծիքդ: Սա, թերևս, հարկ է որ հիշեն ու մտապահեն այն էլեկտրոնային կայքի խմբագրության աշխատակիցները, ովքեր մի քանի ամիսների գործունեության ընթացքում իրենց «պատվիրված» պարտքն են համարում շաբաթական մի քանի անգամ կեղտոտ, մտացածին ու բանսարկության ոճի մեջ իրենց «հավաստի աղբյուրների»՝ մատից ծծած տեղեկությունները գրոտել ու սփռել համացանցում /կայքի անվանումը միտումնավոր չենք նշում՝ վատորակ ինֆորմացիոն արտադրանքն ակամա գովազդողի չվերածվելու ազնիվ մղումով/։

Եվ այսպես, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հիմնադրած կայքը, գուցե նոր իրողություններին ինտեգրվելու փորձարկումներից գլուխը կորցրած, նորաստեղծ Սնանկության դատարանի թեմայով երեկ հերթական սեփական ընկալումն է փորձել մատուցել ընթերցողին՝ նյութը համեմելով հատկապես իրենց հատուկ՝ «ԲԴԽ-ում խառն են…», «…իրավիճակին չեն տիրապետում, …մոռացել են, …գուցե անտեսել են» բառակապակցություններով։ «Սենսացիոն» նյութը սարքողների համար մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու առիթն էլ հանդիսացել է այն, որ պաշտոնական կայքում փնտրել ու չեն գտել Սնանկության դատարանի տեղակայման մասին ԲԴԽ որոշումը։ Այո՛, Սնանկության դատարանի դատավորների, դատարանի նախագահի, դատավորների դրոշմակնիքների հատկացման և, ընդհանրապես, նորաստեղծ դատարանի վերաբերյալ բոլոր որոշումները, ցուցակները, սպասարկող տեղեկատվությունը կա, տեղակայման վերաբերյալ որոշումը տեղադրված չէր։ Ու այս «դարակազմիկ» /նյութի հեղինակի բնորոշումն է/ որոշման բացակայությունը, փաստորեն, այնքան է բորբոքել էլեկտրոնային կայքի գաղափարական մարտիկների երևակայությունը, որ նույնիսկ ենթադրություններ են արել ԲԴԽ անելիքների ու գործառույթների առանցքում ու, թերևս, իրենց խոսքով հանդերձ, միևնույն է՝ մնացել լուսանցքում։

Ինչևէ, առիթն ուզում ենք օգտագործել ևս մեկ անգամ հասարակությանը բովանդակ տեղեկատվություն տրամադրելու նորաստեղծ Սնանկության դատարանի վերաբերյալ։

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է անցկացրել Սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:

Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվել է Հանրապետության նախագահին ներկայացնել Սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.

1.Աթաբեկյան Արթուր

2.Ավագյան Գարիկ

3.Բաբայան Արսեն

4.Թադևոսյան Սամվել

5.Խաչատրյան Արմեն

6.Կատվալյան Լիլիթ

7.Կուբանյան Արա

8.Հովհաննիսյան Արտաշես

9.Մկրտչյան Բագրատ

10.Նարինյան Գևորգ

11. Չիչոյան Արմեն

12. Փոլադյան Տիգրան

Ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տվել սնանկության մասնագիտացված դատարանի կազմավորմանը, որի արդյունավետ գործունեությամբ են մեծապես պայմանավորված երկրում ներդրումների պաշտպանությունը և ապագա ներդրումային քաղաքականության հաջողությունները: Խնդիրն այնքան կարևոր է, որ առավելագույնս է արվել՝ ձևավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան:

Բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում, իսկ Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկել է բացառապես իր ներքին համոզմունքներից ելնելով:

Հարցազրույցները, քննարկումները և վերլուծություններն իրականացվել են ըստ դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «Ի գիտություն դատավորների և դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի:

Նշենք նաև, որ նոյեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ: Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվել են նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը: Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումները ներկայացրել են դատարանի նախագահի ընտրության առնչությամբ: Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպել է քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար: Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել: Կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը:

Ավելին, 2018թ. դեկտեմբերի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Սնանկության դատարանի դատավորներին դրոշմակնիքներ տրամադրելու մասին։

Հակիրճ ներկայացնենք նաև վերոնշյալ տխրահռչակ կայքի փնտրած ու չգտած տեղեկությունը։ Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. հունվարի 9-ի թիվ ԲԴԽ-1-Ո-6 որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման մեջ, համաձայն որի փոփոխվել է Սնանկության դատարանի աշխատակազմի հասցեն: Սահմանվել է կենտրոնական նստավայրի հասցեն՝ ՀՀ, քաղաք Երևան, Օտյան 53/2, նաև մարզային նստավայրերի հասցեները. Գյումրու նստավայրի հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, և Վեդու նստավայրի հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 55:

Ավելին, հունվարի 8-ին Սնանկության դատարան գործեր մուտք չեն եղել, իսկ արդեն երեկվա՝ հունվարի 9-ի դրությամբ չորս գործ է մուտքագրվել դատարան և համապատասխանաբար մակագրվել Սնանկության դատարանի դատավորներ Լիլիթ Կատվալյանին, Սամվել Թադևոսյանին, Արսեն Բաբայանին և Տիգրան Փոլադյանին:

Վերը նշված փաստական տվյալներից հետո կրկին վերադառնանք և հանրագումարի բերենք նյութի համար առիթ դարձած թեման։ Կարծում ենք՝ ոմանց համար օգտակար կլինի և մտորելու առիթ կտա:

Բոլորին արդարացիորեն օրենք և օրինականություն քարոզող լրատվամիջոցները երբեմն «անփութորեն» մոռանում են, որ դա իրենց ևս վերաբերում է: Նույն Արևմուտքը, որին հաճախ են դիմում լրագրողները, վաղուց է ձևավորել լրատվամիջոցների գործունեության կարգավորման և ինքնակարգավորման եղանակներ: Միջազգային չափանիշներին համապատասխան օրենքներից զատ, որոնց պահանջներին ենթարկվելը քաղաքակիրթ ժուռնալիստիկայի վարքագիծ է, Արևմուտքում վաղուց կիրառվում է նաև շատ թե քիչ կշիռ ունեցող լրատվամիջոցի համար էթիկական նորմերի գոյության պրակտիկան, որից մեր լրատվամիջոցները խուսափում են` ինչպես սատանան կրակից:

Բարձրագույն դատական խորհուրդն իր ձևավորման առաջին իսկ փուլից լուրջ քննարկման առարկա է դարձրել դատական իշխանությունը հասարակության համար առավել ընկալելի դարձնելու, զանգվածային լրատվության միջոցների հետ թափանցիկ աշխատելու կարևորությունը։ Խորհրդի կողմից ձևավորված մասնագիտական խումբը, անցած ամիսների ընթաքում ակտիվորեն համագործակցելով քաղհասարակության, ինչպես նաև իրավապաշտպան կառույցների, ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մշակել է ԶԼՄ-ի հետ փոխգործակցության կանոններ, նախաձեռնել իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների համար դասընթացների երկարաժամկետ ծրագիր, որի մեկնարկն արդեն իսկ տրվել է, և առաջիկայում լրագրողներն առիթ կունենան դասընթացի շրջանակներում հանդիպելու, շփվելու, նաև դատական իշխանությանը վերաբերող, հասարակությանը հետաքրքրող հարցեր ուղղելու առաջին բանախոսին։

Ի վերջո, աներկբա ճշմարտություն կա. ժուռնալիստիկան պիտի բուժի և ոչ հիվանդացնի հասարակությանը:

 

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Վերադառնալ