09 սեպտեմբերի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հյուրընկալեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Դեսպանին ընդունեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Խոսվեց երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության մասին:

Խորհրդի նախագահն իր խոսքում կարևորեց դեսպանի այցը Խորհուրդ ոչ միայն միջազգային համագործակցության, այլև Հայաստանում անկախ, անաչառ դատական իշխանություն ունենալու ճանապարհին իտալական փորձի օգտակարության տեսանկյունից: Նա նաև նշեց, որ Խորհուրդը պատրաստակամ է, բաց և թափանցիկ ցանկացած արդյունավետ համագործակցության համար:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, շնորհավորելով Ռուբեն Վարդազարյանին Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա իր հերթին ընդգծեց իր պատրաստակամությունը` իրավունքի գերակայության շրջանակում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացներում:

Առաջիկայում Հայաստան կժամանի Իտալիայի դատական խորհրդի պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ հստակեցնելու փոխհամագործակցության հուշագրի կազմման շրջանակները:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:


Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ