08 ապրիլի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 5-ին ընդունեց էլեկտրոնային արդարադատության ճանաչված, ՌԴ էլեկտրոնային արդարադատության համահիմնադիր, հայազգի Ելենա Ավագյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, տեղեկատվական ոլորտի փորձագետներ։

Բանախոսը ներկայացրեց հայաստանյան գործընկերների հետ համատեղ մշակված այն հիմնական 15 ուղղությունները, որոնք կարևոր են Հայաստանում էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման և ներդրման համար:

Տարածաշրջանում էլեկտրոնային արդարադատությունն իրականություն է, որի շնորհիվ աշխարհի ցանկացած կետից հնարավոր է հետևել դատական գործընթացներին՝ հայցադիմումների մուտքագրումից մինչև դատական նիստերի օնլայն կազմակերպում։

Ներկաների համոզմամբ՝ էլեկտրոնային արդարադատությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնել արդարադատության իրականացումը։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Ելենա Ավագյանին հետաքրքիր ու բովանդակալից ներկայացման համար։ Նա նաև հավելեց, որ Խորհուրդն այսօր ակտիվ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան շուրջ 1մլրդ դրամ:

Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպմանն առիթ կունենան ներկայացնելու արդեն հայաստանյան փորձը:

  • Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

     

    Վերադառնալ