08 փետրվարի 2019

ԿԱՅԱՑԵԼ Է «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Այսօր՝ փետրվարի 8-ին, կայացավ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության նախաձեռնությամբ մեկնարկած դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման հերթական դասընթացը: Բանախոսը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ Գևորգ Դանիելյանն էր, ով ողջունեց մասնակիցների՝ կրթական այս ծրագրին միանալու պատրաստակամությունը՝ այդպիսով կարևորելով դատական իշխանություն-ԶԼՄ փոխհարաբերությունների ամրապնդումը:

Խոսելով դատաիրավական համակարգում տեղեկատվության ձեռքբերման իրավաչափության մասին՝ բանախոսն առանձնացրեց մի քանի հարցադրումներ՝ նախապես շեշտադրումներ անելով ելակետային այն հիմնադրույթներին, թե տեղեկատվության ազատության համատեքստում ինչ կարգավիճակ ունեն պաշտոնյան և մասնավոր անձը, ինչ առանձնահատկություն ունի լրագրողը՝ որպես մասնավոր անձ, որոնք են այն բնութագրիչները, որոնցով տարբերվում են պաշտոնյա և մասնավոր անձ փոխհարաբերությունները:

Գևորգ Դանիելյանն անդրադարձավ նաև նախաքննական փուլում տեղեկատվության տրամադրման օրինաչափությանը, թույլատրելի և անթույլատրելի տեղեկատվության սահմանազատմանը, ինչպես նաև իրավունքի և հրապարակայնության սկզբունքի առաջնահերթության բաղադրատարրերի տարանջատմանը:

Մասնակիցների հետ քննարկվեցին դատական նիստերի լուսաբանման ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, անդրադարձ եղավ Խորհրդի կողմից ընդունված «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության» կանոններին:

Դասընթացի ավարտին մասնակիցներին բաժանվեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից հրատարակված «Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածուն», որը կարող է դառնալ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների սեղանի գիրքը՝ դատավորների, դատախազների, փաստաբանների հետ փոխհարաբերություններում:

  •  

    Վերադառնալ