Կայքը գտնվում է մշակման փուլում

06 հուլիսի 2018

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Վճռաբեկ դատարանում և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը, ապա՝ ընտրությունը: Խորհուրդը զրույցի էր հրավիրել 3 ցուցակներում ընդգրված դատավորի 40 թեկնածուների:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ և 132-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ Խորհրդի կողմից նախօրոք տարածվել էր հայտարարություն՝ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների դատավորների թափուր տեղերը համալրելու նպատակով հավակնորդների ցուցակները կազմելու մասին:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 4 դիմում 1 թափուր տեղի համար, իսկ Վերաքննիչ դատարաններում՝ 36 դիմում, որոնցից 29-ը (22 դատավոր, 7 իրավաբան-գիտնական)` քաղաքացիական մասնագիտացման բաժնում, 7-ը (4 դատավոր, 3 իրավաբան-գիտնական)` քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով՝ համապատասխանաբար թափուր 4 և 2 տեղերի համար:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ ձայներ:

ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան.

Քաղաքացիական մասնագիտացում.

    1. Գաբրիելյան Նարեկ
    2. Համբարձումյան Կարեն
    3. Սերոբյան Դավիթ

Քրեական մասնագիտացում.

    1. Հովհաննիսյան Լուսինե

Չհամալրված տեղերի համար օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կանցկացվի նոր ընտրություն

 

Վերադառնալ