Վերաքննիչ քրեական դատարանին (այսուհետ՝ Դատարան) ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը: Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:
Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա: Դատարանում գործի քննությունն իրականացվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով:
Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Դատարանը կազմված է դատարանի նախագահից և 16 դատավորից:
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
1) ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
7) Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով:
Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Գարեգին Նժդեհի 23 հասցեում, հեռախոս՝ 44-88-94 (106, 153):



