Home Contacts
Armenian Version English Version


Վերաքննիչ քաղաքացիական դատարան

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է ՀՀ առաջին դատարանների (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան) դատական ակտերի դեմ բերված բողոքները, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ։ 

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն
- գործին մասնակցող անձինք, դատախազը՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (մեկ ամսվա ընթացքում).
- գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն օրվանից սկսված երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին , բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։ 

Դատարանի` սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում։ 

Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում։ 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից։ 

Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ։ 

Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը։ 

Եթե առաջին ատյանի դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ։ 

Բողոքը ստորագրում է բողոք բերած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու և բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։ 

Վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վերաքննիչ դատարանը կսկսի գործի քննությունը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությոանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

^ to_top