Home Contacts
Armenian Version English Version


Վարչական դատարան

Վարչական դատարան դիմելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք)։ Վարչական դատարանի կողմից ենթակա են լուծման հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը, բացառությամբ այն վեճերի, որոնց լուծումը վերապահված է Սահմանադրական դատարանին։

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ.
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր՝ ՀՀ Սահմանադությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները.
2) իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
3) վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու պահանջով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։

Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, և եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։

Հայցադիմումում պետք է նշել, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրի հասցեից), այդ թվում՝ հայցվոր ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի (իրավաբանական անձի) կողմից՝ նաև այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը, պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ Օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը։

Հայցադիմումում հայցվորը շարադրում է իր պահանջների հիմնավորումները։ Ոչ բոլոր փաստերն են, որ նշանակություն ունեն գործի լուծման համար, հետևաբար, հայցվորը հայցադիմումում կարող է նշել բոլոր փաստերից նրանք, որոնք նշանակություն են ձեռք բերում գործի լուծման համար։ Հայցի փաստական հիմքից զատ հայցվորը պարտավոր է նաև նշել իր պահանջի իրավական հիմքը, այսինքն այն օրենքը, նորմատիվ իրավական ակտը, նրա համապատասխան նորմը (հոդվածը, մասը, կետը և այլն), որն իրեն թույլ է տալիս դիմել դատարան, քանզի պահանջի հիմնավորումը համահունչ պետք է լինի օրենքին, բխի անմիջապես դրանից, հենվի օրենքի վրա։

Հայցադիմումում հայցվորը պարտավոր է նշել նաև տեղեկություններ, որ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկել է, թե ոչ։ Բացի այդ, պետք է հայցադիմումում նշվեն հայցապահանջները հաստատող ապացույցները, որոնք պետք է հաստատեն հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված։

Ի վերջո հայցվորը հայցադիմումը եզրափակում է հստակ ու կոնկրետ պահանջով՝ խնդրելով դատարանին կիրառել նյութական իրավունքով սահմանված՝ իրավունքի և (կամ) ազատության պաշպանության միջոց։

Հայցադիմումը կազմելուց հետո դատարան դիմողը հայցադիմում ներկայացնելու օրվա, ամսի և տարեթվի նշումով, իր անվան դիմաց հայցադիմումում դնում է իր ստորագրությունը։ Հայցադիմումին պետք է կցվի պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Հայցվորը պարտավոր է հայցադիմումին կից ներկայացնել իր հայցադիմումում վկայակոչված փաստաթղթերը, նշելով դրանց ցանկը, ինչպես նաև իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին։ Հայցադիմումին կցվում է նաև դատարանում ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում հայցվորի ներկայացուցչի լիազորագիրը, ինչպես նաև վիճարկվող ակտը կամ դրա պատճենը։

Հայցադիմումը պատասխանողին և գործին մասնակցող մյուս անձանց ուղարկում է հայցվորը։ Վարչական դատարանին հայցադիմում ներկայացնելիս, հայցվորը պարտավոր է օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, և նրանց կողմից այդ փաստաթղթերի ու հայցադիմումի ստանալը հավաստող փաստաթղթերը կցել հայցադիմումին։ Ավելին, այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի և դրան կցվող փաստաթղթերի պատճենը ուղարկում է նաև պետական ֆինանսների կառավարման մարմնին և այդպիսի ծանուցումը հավաստող փաստաթղթերը կցում հայցադիմումին։

Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով։ 

Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։
Պատասխանողն իրավունք ունի հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար նախատեսված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։
Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։

^ to_top