Home Contacts
Armenian Version English Version


Դպրոցի մասին

Հայաստանի Հանրապետության դատական դպրոցը (այսուհետ՝ Դատական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:  Դատական դպրոցի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Դատարանների նախագահների խորհրդի:


Դատական դպրոցի գործունեությունը կարգավորվում է ՀՀ դատական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) և Դատական դպրոցի կանոնադրությամբ, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով այնքանով, որքանով այն իր էությամբ կիրառելի է Դատական դպրոցի նկատմամբ և չի հակասում Օրենսգրքին: «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջները Դատական դպրոցի վրա չեն տարածվում:

Դատական դպրոցը ՀՀ դատական օրենսգրքին և կանոնադրության նպատակներին համապատասխան`

1. կազմակերպում է դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումը.
2. կազմակերպում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
3. կազմակերպում և անցկացնում է Դատական դպրոցն ավարտածների, պաշտոնեական պիտանիության և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց (բացառությամբ ՀՀ դատական օրենսգրքի 139-րդ հոդվածում հիշատակված գիտնականների) վերապատրաստումը.
4. կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը.
5. կազմակերպում և անցկացնում է իրավական համակարգի, օրենսդրության և արդարադատության իրականացման կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ, հրատարակում է ուսումնական գրականություն և այլն.
6. իրականացնում է Դատական դպրոցի ուսումնական ծրագրերի մշակումներ.
7. իրականացնում է կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

Դատական դպրոցի կառավարումն իրականացնում են Դատական դպրոցի կառավարման խորհուրդը և Դատական դպրոցի տնօրենը։ Դատական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է Դատական դպրոցի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը։ Դատական դպրոցի կառավարման խորհրդի անդամ են`
1. ՀՀ արդարադատության նախարարի կողմից նշանակվող մեկ անձ.
2. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից նշանակվող մեկ անձ.
3. Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի բոլոր անդամները։

Դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի նախագահն է։ Դատական դպրոցի կառավարման խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը հրավիրվում են կառավարման խորհրդի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի, արդարադատության նախարարի, Դատական դպրոցի տնօրենի պահանջով։ Դատական դպրոցի տնօրենն իրավունք ունի մասնակցելու կառավարման խորհրդի նիստերին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով։ Դատական դպրոցի կառավարման խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների 2/3-ը։ Խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Դատական դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Դատական դպրոցի տնօրենը, որին նշանակում է Դատական դպրոցի կառավարման խորհուրդը՝ հինգ տարի ժամանակով։
Դատական դպրոցի տնօրենն իրականացնում է դատական դպրոցի ընթացիկ գործունեության կառավարումը, բացառությամբ Օրենսգրքով և կանոնադրությամբ դատական դպրոցի կառավարման խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի։ 

Դատական դպրոցի ունկնդիր են Օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներին համապատասխան` դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք։
Դատական դպրոցում ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի և դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպես նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով։ Ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում անցկացնում են դասախոսները: Դատական դպրոցի դասախոսները պայմանագրային կարգով հրավիրված մասնագետներ են:

Ուսուցումը Դատական դպրոցում ավարտվում է փորձաշրջանով։ Դատական դպրոցում ուսուցումը սկսվում է Օրենսգրքի 117-րդ հոդվածին համապատասխան որակավորման ստուգման արդյունքների ամփոփումից հետո՝ հունվար ամսին, և ավարտվում է նույն տարվա հուլիսի 31-ից ոչ ուշ։
Դատական դպրոցում ուսման ավարտմանը հաջորդող ամսվա մեկից Դատական դպրոցն ավարտածները պարտադիր ներգրավվում են աշխատանքի Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և ստանում են այն պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, որին բնորոշ գործառույթներ են իրականացնում։ Դատական դպրոցն  ավարտածները կարող են իրենց նախաձեռնությամբ աշխատել որպես դատավորի օգնական՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում աշխատանքի ներգրավվելու փոխարեն։

Դատական դպրոցը, խորհրդի կողմից մշակված վերապատրաստման ծրագրին համապատասխան, պարբերաբար կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, որոնք պարտադիր են դատավորների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց համար։
Վերապատրաստման ծրագրերի իրականացման կարգը, ժամանակացույցը, դրանց մասին ծանուցման կարգը, վերապատրաստում իրականացնող դասախոսների վարձատրության կարգը որոշվում են Դատական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:


2007 թվականին տեղի ունեցավ Դատական դպրոցի առաջին ընդունելությունը, որի արդյունքում Հանրապետության Նախագահը հաստատեց դատավորների թեկնածուների ցուցակը։ Առաջին ունկնդիրները Դատական դպրոցն ավարտեցին 2008 թվականի օգոստոս ամսին։

^ to_top