ՀՀ դատական դպրոցը (մինչև 2006 թվականը ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական կենտրոն, այսուհետ՝ Դատական դպրոց) դասընթացների և սեմինարների կազմակերպման համար համագործակցում է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ։
ԵԽ Հայաստանի անդամակցությունից հետո առաջնահերթ խնդիր դարձավ հայ դատավորների կողմից ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի կիրառման ոլորտում անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերումը։ ԵԽ անդամ պետությունների դատավորները պետք է գործեն եվրոպական չափանիշներով, պետք է առավել իրազեկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սկզբունքների և դրանց կիրառման պրակտիկային։
Այդ իսկ նպատակով 2001 թվականին ԱՄՆ իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպվեցին առաջին դասընթացները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության վերաբերյալ։
2001 թվականից սկսած՝ Դատական դպրոցը ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր տնօրինության հետ իրականացրել է եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ վերապատրաստման ծրագիր, որի շրջանակում 20 հայ դատավորներ ուսումնական այցով եղել են Ստրասբուրգում և վերապատրաստվել որպես ՄԻԵԿ-ի դասավանդողներ։
Ընդհանուր առմամբ իր ծրագրերն իրականացնելու համար Դատական դպրոցը համագործակցել է ABA/CEELI, AVA, OSCE, UNOC, EU, ICRC, Bearing Point, GTZ միջազգային կազմակերպությունների հետ։
Դատական դպրոցը սերտ համագործակցություն է հաստատել ինչպես տարածաշրջանի (Վրաստան, Ուկրաինա), այնպես էլ միջազգային (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, ԱՄՆ) համանման ուսումնական հաստատությունների հետ։
Ներկայումս Դատական դպրոցը Եվրոխորհրդի Լիսաբոնյան ցանցի (դատավորների և դատախազների ուսուցումն իրականացնող պատասխանատու անձանց միջև տեղեկատվության փոխանակման ցանց) անդամ է, որը կոչված է ապահովելու ուսուցանող հաստատությունների լայն համագործակցությունը։
2006 թվականին Դատական դպրոցի պատվիրակությունն ուսուցողական այցով եղել է Իսպանիայի, իսկ 2008 թվականին՝ Պորտուգալիայի դատական դպրոցներում, ինչպես նաև մասնակցել Եվրոխորհրդի կազմակերպած մի շարք միջոցառումներին։



