Home Contacts
Armenian Version English Version


Անհրաժեշտ տեղեկություններ

Դատական ծառայությունն օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է։ Դատական ծառայությունն իրականացվում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում և առանձնացված ստորաբաժանումներում։
 
Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1. դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.
2. դատական ծառայության գլխավոր պաշտոններ.
3. դատական ծառայության առաջատար պաշտոններ.
4. դատական ծառայության կրտսեր պաշտոններ։
Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի։ Ընդ որում պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։

Դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանվում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները։ Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով՝ բացառությամբ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դեպքերի։
Փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում, ինչպես նաև դատական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների համար Օրենքով սահմանված կարգով անցկացվում է բաց մրցույթ։
Դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ, առանց մրցույթի։

Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական ծառայության կրտսեր պաշտոնների, ինչպես նաև Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ։ Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և Օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք։ Փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է թափուր պաշտոնն առաջանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը։ Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում։ Փակ մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում մրցույթի մասնակցի գործունեության գնահատման բնութագիրը։ 

Փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու, ինչպես նաև դատական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին։
Բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում։ 

Բաց մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի փուլերով։ Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։ Թեստերը կազմվում են դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով։ Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները։ 

Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով։ Հարցազրույցի փուլում մասնակիցները գնահատվում են ըստ յուրաքանչյուր գնահատման ենթակա հատկանիշի՝ միավորային կարգով։ 
Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող։ Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը։
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։ Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում։ 

Կրկնակի մրցույթ անցկացվում է, երբ՝
1. մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը.
2. մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.
3. ներկայացված բոլոր դիմումներում առկա է Օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.
4. դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.
5. մրցույթն անցկացվել է սույն օրենքով և դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգի էական խախտմամբ.
6. մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր։
Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։ 

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դատական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող անձանցից` հարցազրույցով, ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով։ Կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում նոր մրցույթը հայտարարվում է 2 ամիս հետո։ Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթներին դատական ծառայողները, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով։

Դատական ծառայության պաշտոնի հավակնորդները ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն տեքստին, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
2. տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
3. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
4. տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
5. երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
6. անձնագրի պատճենը։

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Փաստաթղթերը ընդունելուց հետո դիմորդներին տրվում են համապատասխան հարցաշարեր:
Դիմողները մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար դիմողները կարող են դիմել ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսներ՝ 511-780, 511-779):

^ to_top