ՀՀ Դատական դեպարտամենտը (այսուհետ՝ Դատական դեպարտամենտ) պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը։
Դատական դեպարտամենտը գործում է Վճռաբեկ դատարանի նախագահի հաստատած կանոնադրությամբ։
Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են վարչություններից, բաժիններից, ծառայություններից և դատարանների նախագահների խորհրդի հաստատած այլ ստորաբաժանումներից։
Դատական դեպարտամենտը դատարաններին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով, որոնք իրենց հերթին կազմված են դատարանների, արդարադատության խորհրդի աշխատակազմերից և դատարանների նախագահների խորհրդի սահմանած այլ ստորաբաժանումներից։ Առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ։ Առանձնացված ստորաբաժանման անմիջական ղեկավարումն իրականացնում է առանձնացված ստորաբաժանման ղեկավարը։
Դատական ծառայությունն իրականացվում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում։
Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը գտնվում է քաղաք Երևանում՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում. հեռախոս՝ (010) 511-770:




