Home Contacts
Armenian Version English Version


Խորհրդի մասին

Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված կարգով: 

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։

Արդարադատության խորհուրդը՝
1. կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2. եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3. առաջարկում է Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
4. Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5. դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։

Խորհուրդն իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ, տալիս եզրակացություններ: Արդարադատության խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստը իրավազոր է, եթե վերջինիս մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։

Արդարադատության խորհուրդը մեկ տարի ժամկետով ձևավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով։ Կարգապահական հանձնաժողովի կազմում են խորհրդի անդամ երկու դատավորներ և մեկ իրավաբան-գիտնական։ Կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը։ Կարգապահական հանձնաժողովի կազմում են ավելի վաղ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները։ Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ։

Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝
1. կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ.
2. ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու Վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ։

Արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին վերջինիս մասնակցությունն ապահովում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը, որի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ստորաբաժանման կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումները և այլ փաստաթղթերը հանձնվում են Վճռաբեկ դատարանի գրասենյակ (հասցե՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոս՝ 511-778):

Արդարադատության խորհրդի աշխատակազմը գտնվում է քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

                                  

^ to_top