Home Contacts
Armenian Version English Version


Դատական կարգադրիչների ծառայություն

2008 թվականի հունվարի մեկից ՀՀ Դատական դեպարտամենտի կազմում սկսեց գործել դատական կարգադրիչների ծառայությունը։


Դատական կարգադրիչների ծառայությունն ընդհանուր առմամբ կոչված է ապահովելու դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից։ Ծառայությունն իրականացնում է նաև դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանում և անվտանգության ապահովում, դատական նիստերի դահլիճում ապահովում է անմիջական կատարման ենթակա դատավորի կարգադրությունների կատարումը, ինչպես նաև իրականացնում է դատարանի գույքի և դատարանի շենքի սպասարկման տարածքների պահպանությունը։ 
Դատական կարգադրիչների ծառայությունը կազմված է դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից։ Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում և փոփոխում է Դատարանների նախագահների խորհուրդը։ Կարգադրիչների ծառայությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը։ 

Դատական կարգադրիչների նշանակման կարգը սահմանված է օրենքով, համաձայն որի՝ դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը։ Դատական կարգադրիչների ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և ազատում է դատական կարգադրիչների ծառայության պետը։ 

Դեռևս 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դատական դեպարտամենտը սկսեց համալրել այս ծառայությունը, որն իրականացրեց հետևյալ ձևով. նախապես այն անձանց համար, ովքեր ներկայացրել էին համապատասխան փաստաթղթեր, կազմակերպվեց ուսուցում, որն իր մեջ ներառում էր դատական կարգադրիչների պարտականությունների և իրավունքների, տարրական իրավական գիտելիքների, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման կարգի ուսուցումը, որից հետո այն անձինք, ովքեր գնահատման արդյունքում համապատասխանում էին այդ ծառայությունն իրականացնելուն, նշանակվեցին համապատասխան պաշտոններում։ 

Դատական օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը։Դատական կարգադրիչները կրում են համազգեստ, որի նկարագիրը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից։ 


       

Դատական կարգադրիչների ծառայության չափազանց կարևոր և պատասխանատու լինելն է թելադրել այն հանգամանքը, որ երդման պարտավորությունն ամրագրված է օրենքով։ 
2008 թվականի մայիսին դատական կարգադրիչները հանդիսավոր կերպով երդվեցին «իրենց լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականությունները, բարձր պահել դատարանի հեղինակությունը»։

^ to_top