Home Contacts
Armenian Version English Version


Խորհրդի մասին

 

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետ՝ Դատարանների նախագահների խորհուրդ) դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է։ 

Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահները։ Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի կամ պալատի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե Վճռաբեկ դատարանի նախագահն է։ 
Վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը։ 

Դատարանների նախագահների խորհուրդը`
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ինքնակառավարումը, քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովների իրավասությանը օրենքով վերապահված հարցերի.
2) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում
 իրավասու պետական մարմիններին.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում
 oրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է դատական քննության հետ կապված դատավարական oրենսդրության  պահանջների կատարումն ապահովող կանոններ.
5) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
6) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա  որոշումներ.
7) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի
 աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
8) սահմանում է դատավորի անձնական գործում պահվող այլ տեղեկություններ.
9) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
10) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և
 հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.
11) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման,
 հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը,
 մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.
12) հաստատում է դատավորների և դատական ծառայողների վերապատրաստում
 անցկացնելու կարգը.
13) հաստատում է Դատական դեպարտամենտի կողմից նախապատրաստված բյուջետային հայտը.
14) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
15) դատարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մշակում է
 միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.
16) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ  դատարանների համագործակցության կանոնները.
17) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.
18) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և  հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
19) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների ինքնաբացարկի, դատավորների գործուղման, արձակուրդի կամ  հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման կարգերը.
20) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է և փոփոխում դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը առանձնացված ստորաբաժանումների  ցանկը.
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.
22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.
23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
23.1) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա խորհրդի առաջիկա նիստի ընթացքում տալիս է առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ.
24) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Դատարանների նախագահների խորհրդի նախագահը՝
1) նախագահում է Դատարանների նախագահների խորհուրդը.
2) վճռաբեկ դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր` Փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար.
3) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը.
4) իրականացնում է Դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր  ղեկավարումը.
5) առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս այդ  մասին հաղորդում է ներկայացնում համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր կողմից հաստատած կանոնակարգին համապատասխան։

Դատարանների նախագահների խորհուրդն իր կազմից ձևավորել է հետևյալ հանձնաժողովները՝
1. Էթիկայի
2. Ուսումնական
3. Բյուջետային և Դատական դեպարտամենտի հարցերի:

Յուրաքանչյուր հանձնաժողով նախագահում է հանձնաժողովի կողմից իր կազմից ընտրված անդամը։ Հանձնաժողովների անդամների թիվը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը։

^ to_top