Home Contacts
Armenian Version English Version


Համագործակցությունը

Որպես հասարակական կազմակերպություն՝ ՀՀ դատավորների միությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ու կառույցների հետ: Բացի այդ, ՀՀ դատավորների միությունն իր կանոնադրության շրջանակներում համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: 

ՀՀ դատավորների միությունը տեղական ու միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ իր համագործակցությունը սկսել է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագրի հրատարակման շրջանակներում։ Ամսագրի տպագրությանը շարունակ օժանդակություն են ցուցաբերել միջազգային տարբեր կազմակերպություններ։ Ամսագիրը երկար ժամանակ հրատարակվել է ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի (այժմ` ABA/ROLI) աջակցությամբ: Այնուհետև, համագործակցությունը շարունակվել է ՄԱԿ-ի Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի, Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրերի հետ։
Ներկայումս «Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում շարունակվում է համագործակցությունը GTZ-ի (Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության) հետ: 

Իրականացվող ծրագրերից է Եվրոպայի խորհրդի և Միության ջանքերով հրատարակվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ չորս ժողովածուների հրատարակումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ հինգերորդ և վեցերորդ հատորները տպագրվել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում:
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ծրագրի արդյունքում վերջին տարիներին հրատարակվել են Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 9-րդ, թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներին նվիրված աշխատությունները, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան», «Մարդու իրավունքների ձեռնարկ դատախազների համար» գրքերը:
Եվրոպական իրավունքի թեմաներով կազմակերպվել են նաև սեմինար-դասընթացներ Հայաստանի Հանրապետության դատավորների համար: 

Այժմ շարունակվում է համագործակցությունը և նախատեսվում է տարբեր միջոցառումների կազմակերպում` նվիրված Եվրոպական կոնվենցիայի մյուս հոդվածներին, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիմնախնդիրներին:
 
ՀՀ դատավորների միությունն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավական հարցերով ազգաբնակչության իրազեկության ապահովման, հասարակության շրջանում դատական համակարգի հեղինակության բարձրացման և վստահության ամրապնդման համար ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ 2002 թվականին հրատարակեց ընտանեկան գրադարանի տասը հատորյակը։

2005 թվականին Միությունը ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակեց ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը։ 2007 թվականին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի և ՀՀ դատավորների միության խորհրդի համատեղ որոշմամբ հրատարակվեցին ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունները, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 25-ին: 

Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեց և միության անդամներին անվճար բաժանվեց «Բաժնետիրական իրավունք» ձեռնարկը, ՀՀ տնտեսական դատարանի վճիռների և որոշումների ժողովածուի երկրորդ հատորը։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեցին «Դավանանքի իրավունք», «Կրթության իրավունք», «Արդարադատության մատչելիություն» ձեռնարկները: 

ՀՀ դատավորների միությունն ակտիվ մասնակցություն է ունենում նաև օրենքների նախագծերի քննարկմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, որոնցից շատերն օրենսդիր մարմնի կողմից ընդունվում են։ Այդ նպատակով կազմակերպվում են սեմինարներ, գիտաժողովներ, քննարկումներ։
Ներկայումս բանակցությունների արդյունքում համագործակցության նոր ուղիներ են մշակվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի (ԵԱՀԿ), ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ:
ՀՀ դատավորների միությունն ակտիվ համագործակցում է ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ դատական դեպարտամենտի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ փաստաբանների պալատի հետ: 

2008 թվականից ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ, որը բարձրացրեց ՀՀ դատավորների միության միջազգային վարկանիշը և ընդլայնեց միության միջազգային կապերը: Այդ է փաստում նաև այն, որ Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովը կազմակերպվեց Հայաստանում, որը տարածաշրջանում եզակի երևույթ էր: Համաժողովի անցկացմանը մեծապես աջակցեցին վերոնշյալ կառույցները: 

Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն այլ կառույցների հետ` եվրոպական, առևտրային, հեղինակային և իրավունքի մյուս ճյուղերով նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով աջակցել նշված ոլորտներում դատական պրակտիկայի բարելավմանը։

^ to_top