Home Contacts
Armenian Version English Version


Միության մասին

«ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։ 

Որպես հասարակական կազմակերպություն՝ ՀՀ դատավորների միության նպատակներն են. 

1. աջակցել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանն ու ամրապնդմանը, անկախ դատական համակարգի զարգացմանը, օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին.
2. նպաստել միության անդամների և դատավորների որակավորման բարձրացմանը, ուսուցմանը, վերապատրաստմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, դատավորների անկախության, անձեռնմխելիության և անվտանգության ապահովմանը, հեղինակության բարձրացմանը, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովմանը, ամրապնդմանը և դատարանի նկատմամբ հասարակության վստահության աճին, միության անդամների հանդիպումների և հանգստի կազմակերպմանը.
3. պաշտպանել միության անդամների օրինական շահերն ու օրենքով սահմանված իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը.
4. ապահովել դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.
5. օժանդակել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը.
6. համագործակցել դատավորների արտասահմանյան և միջազգային միությունների հետ.
7. օրենքով սահմանված կարգով հրատարակել պարբերականներ, իրավաբանական գրականություն, լուսաբանել միության անդամների փորձը, դատարանի և դատական իշխանության գործունեությունը։

ՀՀ դատավորների միության կառուցվածքային մարմիններն են`
1. Ընդհանուր ժողովը, որը կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է.
2. Խորհուրդը, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը.
3. Նախագահը, որը միաժամանակ Խորհրդի նախագահն է.
4. Փոխնախագահները, որոնք ղեկավարում են իրենց բնագավառները և նախագահի բացակայության դեպքում փոխարինում նրան.
5. Խորհրդի գործադիր տնօրենը, որն իրականացնում է միության ընթացիկ գործադիր ղեկավարումը.
6. Վերահսկիչ հանձնաժողովը, որը վերահսկում է միության ֆինանսատնտեսական գործունեությունը։

1997-2003 թվականներին ՀՀ դատավորների միության նախագահն էր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը (այժմ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր)։
2003 թվականից մինչ օրս ՀՀ դատավորների միության նախագահն է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։ 

Միության ստեղծման առաջին իսկ օրերից սկսել է հրատարակվել «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական թեքում ունեցող լրատվամիջոցներից «Դատական իշխանությունն» առաջինն էր, որն անդրադարձավ դատական պրակտիկային։ 2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։
Ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ, 400-500 օրինակ տպաքանակով։ Ամսագրում հանդես են գալիս պրակտիկ իրավաբաններ, շնորհալի երիտասարդներ, որոնք հավակնում են լրացնել հանրապետության իրավաբան-գիտնականների շարքերը։
«Դատական իշխանությունը» այն եզակի ամսագրերից է, որում հանդես են գալիս առավելապես հայ դատավորներն իրենց գիտական հոդվածներով՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին։ 

Խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հայտնի քսան իրավաբաններ։ Խմբագրական խորհուրդը նախագահում է ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գ.Հ.Ղարախանյանը։ 

Ամսագիրն առանձին բաժիններում պարբերաբար անդրադառնում է դատական համակարգի, դատական պրակտիկայի, առևտրային, միջազգային, սահմանադրական, քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական իրավունքների, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի, կալանավորման և բազմաթիվ այլ հիմնահարցերի։
Քրեական և քաղաքացիական դատավարությունների, քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքերի և այլ օրենսդրությունների ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ մշտապես գիտականորեն մեկնաբանել նշված օրենքների նորմերը։ Լինելով Դատավորների միության միակ պարբերականը` այն տպագրել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի երկու պալատների նախադեպային նշանակություն ունեցող որոշումները։ Այն անդրադառնում է նաև դատավորների ծննդյան, պարգևատրումների և կոչումների շնորհավորանքներին։

Միության համար արդեն ավանդույթ է դարձել վաստակի գնահատման տարելիցների և թոշակի անցնող դատավորների մեծարման երեկույթների, շնորհավորական ուղերձների կազմակերպումը։ 

ՀՀ դատավորների միության գրասենյակում անցկացվում են խորհրդի նիստեր։ Խորհուրդն ունի տաս անդամներ, ովքեր ըստ բնագավառների կատարում են համապատասխան աշխատանքներ: 
2001 թվականից մինչ օրս միության խորհրդի գործադիր տնօրենն է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Ենգիբարյանը։ 
Միության խորհրդի նիստերում քննարկվում են դատական համակարգի ու դատավորների իրավունքների պաշտպանության մասին տարբեր հարցեր և ընդունվում համապատասխան որոշումներ։
Դատավորների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ դատավորների միության խորհուրդը 2004 և 2006 թվականներին զանգվածային լրատվամիջոցներով պատասխան հայտարարություններով է հանդես եկել ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից արված դատարանների գործունեությանը վերաբերող հայտարարություններին։ 


2005 թվականի նոյեմբերի 19-24-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի օրակարգում դրված էր նաև ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը։ ՀՀ դատավորների միությունը 2004 թվականի մարտին դիմել էր անդամակցելու խնդրանքով` ցանկություն հայտնելով լինել Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ։ ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը քննվել էր Հռոմում` Միության կենտրոնական խորհրդում և որոշվել էր ՀՀ դատավորների միության պատվիրակությանը հրավիրել 48-րդ համաժողովին։ Հայաստանից Մոնտեվիդեո մեկնեցին ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն ու ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը։
Համաժողովի նոյեմբերի 23-ի նիստում Դատավորների միջազգային միության ընդհանուր քարտուղարի տեղակալ, Թուրինի քաղաքային դատարանի դատավոր Ջակոմո Օբերտոն համաժողովի մասնակիցների` աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 դատավորների դատին ներկայացրեց ՀՀ դատավորների միության դիմումը։ Համաժողովը միակարծիք էր, և ՀՀ դատավորների միությունը դարձավ միջազգային կազմակերպության 68-րդ անդամը։ ԱՊՀ երկրներից այդ կառույցի անդամ են Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան և Ղազախստանը։

2007 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության հոբելյանական 50-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության պատվիրակությունը։
Դատավորների միջազգային միության կանոնադրության համաձայն` տարեկան ժողովում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։
2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովն անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի, Ռումինիայի, Մարոկկոյի և Ղազախստանի դատավորների միությունները։ Նախագահական կոմիտեում նախնական հայտերի ուսումնասիրման արդյունքում որպես 2008 թվականի թեկնածու անդամներ կենտրոնական խորհուրդ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի և Ռումինիայի դատավորների միությունները։ Կենտրոնական խորհուրդը, քննարկելով երեք երկրների առաջարկները, փակ գաղտնի քվեարկությամբ 2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովի կազմակերպման երկիր ընտրեց Հայաստանի Հանրապետությունը։

Այսպիսով, առաջին անգամ ողջ տարածաշրջանում և ԱՊՀ տարածքում 2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում տեղի ունեցավ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, որին մասնակցում էին աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ:

^ to_top