Home Contacts
Armenian Version English Version


Դատական ծախսեր

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (կրկնօրինակները) դատարանից ստանալու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։ 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բազային տուրքի չափ է սահմանվում 1000 ՀՀ դրամը։
Նշված օրենքով սահմանված բազային տուրքի հասկացությունը ամրագրված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում։ Ըստ նշված հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը։
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը»։ 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով .

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար՝

ա) գույքային պահանջով - հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից (նվազագույնը՝ 1.500 ՀՀ դրամ).
բ) ոչ գույքային պահանջով - բազային տուրքի քառապատիկի չափով (4.000 ՀՀ դրամ).

2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար - բազային տուրքի 500-ապատիկի չափով (500.000 ՀՀ դրամ).

3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար - բազային տուրքի 100-ապատիկի չափով (100.000 ՀՀ դրամ).

4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար – բազային տուրքի եռապատիկի չափով (3.000 ՀՀ դրամ).

5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով (2.000 ՀՀ դրամ).

6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար – բազային տուրքի չափով (1.000 ՀՀ դրամ).

7. արբիտրաժային տրիբունալի (միջնորդ դատարաններ) վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար - բազային տուրքի քառապատիկի չափով (4.000 ՀՀ դրամ)

ա) գույքային պահանջով – բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից (նվազագույնը` 1.500 ՀՀ դրամ).
բ) ոչ գույքային պահանջով – բազային տուրքի քառապատիկի չափով (4.000 ՀՀ դրամ).

8. դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների համար՝

ա) գույքային պահանջի գործերով – վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով.
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով – բազային տուրքի 10-ապատիկի չափով (10.000 ՀՀ դրամ).
գ) հատուկ վարույթի գործերով - բազային տուրքի 8-ապատիկի չափով (8.000 ՀՀ դրամ).

9. դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված բճռաբեկ բողոքների համար՝

ա) գույքային պահանջի գործերով - հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից (ոչ պակաս` 10.000 ՀՀ դրամ և ոչ ավելի 1 000 000 ՀՀ դրամ). 
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով – բազային տուրքի 20- ապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ).
գ) հատուկ վարույթի գործերով - բազային տուրքի տասնապատիկի չափով (10.000 ՀՀ դրամ). 

10. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար – բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար՝ բազային տուրքի 15 տոկոսի չափով (500 ՀՀ դրամ, ևս 150 դրամ պատճենահանված յուրաքանչյուր էջի համար). 

11. գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար – բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով (200 ՀՀ դրամ, ևս 100 դրամ պատճենահանված յուրաքանչյուր էջի համար)։ 

12. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար - բազային տուրքի չափով (1.000 ՀՀ դրամ):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ամրագրում է դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները։ Մասնավորապես, դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
1. հայցվորները՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.
2. հայցվորները՝ ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.
3. հայցվորները՝ խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
4. սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները՝ տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
5. հայցվորները՝ հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
6. հայցվորները՝ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.
7. ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝
- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.
- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.
- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.
- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետմերը վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.
- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանի որոշման դեմ մյուս գանգատներով.
- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ գանգատներով.
- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.
8. դատախազության մարմինները՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
10. վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք՝ գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.
11. դիմողները ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.
12. դիմողները քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.
13. փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
14. փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
15. հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
16. դատական ակտերի հարկադիր կատարողները՝
- կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.
- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով.
17. ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և լուծարային կառավարիչը՝ «Բանկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.
18. պարտապանը՝ սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.
19. դիմողները՝ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով.
20. մարդու իրավունքների պաշտպանը՝ իր կողմից ներկայացվող հայցերով։
Նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
Պետական տուրք չի գանձվում նաև քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար։

^ to_top