Home Contacts
Armenian Version English Version


Դատարան դիմելու կարգը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա պետական իշխանության մարմիններից հենց դատարանի վրա է դրված անհատի և պետության շահերի պաշտպանության առաքելությունը։ Դատարանները կոչված են լուծելու անհատի և հասարակության մյուս անդամների, ինչպես նաև պետական մարմինների հետ առաջացած հակասությունները և ապահովելու անհատի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Դատարան դիմելու օրենքով սահմանված կարգն, ըստ էության, քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացման երաշխիքն է։

Ընդհանուր իրավասության դատարան դիմելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք)։ Ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա։ 

Որպես կանոն հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան։ Հայցադիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.
3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
5) հայցապահանջները հաստատող ապացույցները.
6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.
7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ 

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները։ Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից հայցադիմումը ստորագրելու լիազորություն ունեցող լիազորված ներկայացուցիչը։ 

Հայցադիմումին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական տուրքի վճարումից ազատելու, ժամկետը հետաձգելու, տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Կցվում է նաև հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե հայցադիմումը ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, իսկ այն դեպքում, երբ հայցադիմումը պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին է՝ համապատասխան պայմանագրի նախագիծը։ Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ։


Հակընդդեմ հայց


Օրենսգրքի համաձայն՝ պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի՝ սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով։ 


Լեզուն 

Օրենսգիրքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն։ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալ իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը։ 


Տեղեկատվության ազատություն 

ՀՀ քաղաքացիները դատարան կարող են դիմել նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն տեղեկություն ստանալու համար։ Դատարանից պահանջվող տեղեկությունները տրամադրում է դատարանի աշխատակազմը։
Նշված օրենքի համաձայն՝ հարցումները ներկայացվում են գրավոր և բանավոր։ Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը և հասցեն)։ Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի։ Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործավարության մյուս ձևերից առանձին։

^ to_top