Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

24.09.2008

Այսօր Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհավորեց Արման Մկրտումյանին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այնուհետև կողմերը քննարկեցին արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի հետ համատեղ իրականացվելիք ծրագիրը, որի համար, ըստ Եվրոպական հանձնաժողովի, կտրամադրվեն հատկացումներ։

Ողջունելով Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու դատաիրավական բարեփոխումների իրականացմանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ասաց, որ գործընթացը բավական բարդ է, և այդ ուղղությամբ անելիքները շատ։ Կարևորելով երկուստեք աշխատանքների արդյունավետությունը՝ պարոն Մկրտումյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումները պետք է ուղղված լինեն դատական համակարգն առավել անկախ, թափանցիկ և ողջ հասարակության համար մատչելի դարձնելուն։

Հանդիպման ընթացքում երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ, նախանշվեցին կատարվելիք աշխատանքների ծրագրերը։