Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

08.09.2008

Սույն թվականի սեպտեմբերի 7-ից 11-ը Հայաստանում, առաջին անգամ ողջ տարածաշրջանում և ԱՊՀ տարածքում, տեղի է ունենում ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, որին մասնակցում են աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ։


Այսօր, Դատավորների միջազգային միության 51-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունն էր, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, Դատավորների Միջազգային Միության նախագահ Մայա Տրատնիկը, ինչպես նաև ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը։


Իսկ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կայացան Լատինոամերիկյան, Աֆրիկյան, Ասիական, Հյուսիսային Ամերիկայի և Անդրօվկիանոսյան տարածաշրջանային խմբերի նիստեր, ինչպես նաև Եվրոպական դատավորների միության նիստը։ Երեկոյան հյուրերը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ և ցեղասպանության թանգարան՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 





Հիշեցնենք, որ 2005 թվականի նոյեմբերին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովում ՀՀ դատավորների միությունը դարձավ միջազգային կազմակերպության 68-րդ անդամը։
2007 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության հոբելյանական 50-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության պատվիրակությունը։

Դատավորների միջազգային միության կանոնադրության համաձայն` տարեկան ժողովում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։

2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովն անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի, Ռումինիայի, Մարոկկոյի և Ղազախստանի դատավորների միությունները։ Նախագահական կոմիտեում նախնական հայտերի ուսումնասիրման արդյունքում որպես 2008 թվականի թեկնածու անդամներ կենտրոնական խորհուրդ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի և Ռումինիայի դատավորների միությունները։

Կենտրոնական խորհուրդը, քննարկելով երեք երկրների առաջարկները, փակ գաղտնի քվեարկությամբ 2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովի կազմակերպման երկիր ընտրեց Հայաստանի Հանրապետությունը։

Նշենք նաև, որ 2007 թվականին Դատավորների միջազգային միության հոբելյանական համաժողովը կայացել էր Նորվեգիայում։ Մինչ այդ՝ 2006 թվականին` Հունգարիայում, 2005 թվականին` Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ 2004 թվականին` Մեքսիկայում։ 



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

Դատավորների Միջազգային Միությունը հիմնադրվել է 1953 թվականին Ավստրիայում որպես պրոֆեսիոնալ, ապաքաղաքականացված միջազգային կազմակերպություն՝ միավորելով ոչ թե անհատ դատավորների, այլ դատավորների ազգային միությունների։

Դատավորների միջազգային միության գլխավոր նպատակը դատական իշխանության անկախության ապահովումն է որպես դատական իշխանության արդյունավետ գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման հիմնական նախապայման։

Այսօր Միությունը ներառում է 70 ազգային միություններ կամ ներկայացուցչական խմբեր աշխարհի հինգ մայրցամաքներից։ Դատավորների միջազգային միությունն ընդգրկում է չորս տարածաշրջանային խումբ.
1. Եվրոպական դատավորների միություն (38 երկիր)
2. Լատինոամերիկյան տարածաշրջանային խումբ (15 երկիր)
3. Աֆրիկյան տարածաշրջանային խումբ (12 երկիր)
4. Ասիական, Հյուսիսային Ամերիկայի և Անդրօվկիանոսյան տարածաշրջանային խումբ (9 երկիր)։

Դատավորների միջազգային միությունն ունի չորս Ուսումնասիրող հանձնաժողովներ, որոնք համապատասխանաբար գործում են դատական վարչարարության և դատական իշխանության կարգավիճակի, քաղաքացիական իրավունքի և դատավարության, քրեական իրավունքի և դատավարության, ինչպես նաև հանրային և սոցիալական իրավունքի ոլորտներում։ Ազգային զեկույցների հիման վրա Հանձնաժողովների անդամները քննարկում են աշխարհի տարբեր երկրներում արդարադատության գործառույթի հետ կապված ընդհանուր հետաքրքրության հարցերը։
Դատավորների միջազգային միությունը խորհրդատվական բնույթ ունի Միացյալ Ազգերի Կազմակերպությունում և Եվրոպայի Խորհրդում։



***
Դատավորների միջազգային միության համաժողովները հարմար հարթակներ են աշխարհի տարբեր երկրների դատական իշխանությունների ներկայացուցիչների համար մասնագիտական շփումներ ունենալու և արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ երաշխավորություններ ընդունելու համար։
Միության տարեկան 51-րդ համաժողովում կքննարկվեն այնպիսի կարևոր հիմնահարցեր, ինչպիսիք են, մասնավորապես, դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից, դատավորի կարգապահական պատասխանատվությունը (մասնավորապես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից) և այլ հարցեր։
Համաժողովի ընթացքում կայանալու են Դատավորների միջազգային միության նախագահի և նրա տեղակալների ընտրությունները, ինչպես նաև քննարկվելու է Միության 52-րդ համաժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։