Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

30.10.2017

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան ծրագրի ղեկավարի հրավերով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը սույն թվականի հոկտեմբերի 23-27-ը գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Գերագույն դաշնային դատարանի նախագահ տիկին Բեթինա Լիմպերգին և նույն դատարանի դատավորներ պարոն Գրեգոր Գալկեին և դոկտոր Ալեքսանդր Մյուլլեր-Թեքհոֆին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի առանձնահատկությունները Գերմանիայում և Հայաստանում, Գերմանիայի Գերագույն դաշնային դատարանի կառուցվածքը, տարեկան ծանրաբեռնվածությունը, բողոքը վարույթ ընդունելու և միատեսակ դատական պրակտիկայի ապահովման առանձնահատկությունները:

Բեռլինում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բեռլինի երկրամասային դատարանում, Արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարությունում և Դատավորների գերմանական միությունում:

Բեռլինի երկրամասային դատարանում պատվիրակությունը հանդիպել է դատարանի նախագահ տիկին Գաբրիելե Նիրադցիկին, Գերմանիայում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի առանձնահատկությունների վերաբերյալ քննարկում է ունեցել նույն դատարանի դատավորների հետ:

Արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության գործընկերների հետ քննարկվել են դատավորների և դատարանների նախագահների նշանակման և լիազորությունների դադարեցման, դատավորների վերապատրաստման, առաջխաղացման և գնահատման հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր:

Դատավորների գերմանական միության նախագահ պարոն Ենս Գնիզայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատավորների միությունների կազմավորման ու գործունեություն առանձնահատկությունները, ինչպես նաև երկու երկրների դատավորների միությունների համագործակցության հեռանկարները:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանին: