Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2016 թվականին կայացված որոշումների ժողովածուի 8-րդ հատորի շնորհանդեսը

17.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2016 թվականին կայացված որոշումների ժողովածուի 8-րդ հատորի շնորհանդեսը:

Շնորհանդեսը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի պատասխանատուների կողմից:

Շնորհանդեսին մասնակցել են դատավորներ, դատախազներ, քննչական մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, օրենսդիր և գործադիր մարմիննների ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, իր ելույթում կարևորելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը, հայտնեց. «Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ կարևորվում է Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը: Մենք համակարծիք ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության կողմից որդեգրված այն մոտեցման հետ, որ խնդիրների մեծ մասը ծագում է ոչ թե իրավական նորմի ձևակերպման մեջ առկա թերությունների, այլ այդ նորմերը մեր դատարանների կողմից տարբեր մեկնաբանություն տալու հետևանքով: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պարտադիր են ոչ միայն այն հիմքով, որ դրանք ՀՀ բարձրագույն դատական ատյանի որոշումներ են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն, այլ նաև այն հիմքով, որ հասկանալի են, տրամաբանական, հիմնավորված և ամենակարևորը՝ համոզիչ»:

Եվրոպական խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ Հայաստանի օրենսդրությունը և պրակտիկան Եվրախորհրդի չափորոշիչներին համապատասխանեցնելու գործում Եվրոպայի խորհուրդը տարբեր գերատեսչությունների, տեղական և միջազգային փորձագետների ցանցի միջոցով աջակցություն է տրամադրում ՀՀ իշխանություններին:

Վուտովայի խոսքով՝ քրեական դատավարության ոլորտի բարեփոխումներին աջակցելու և մարդու իրավունքների ստանդարտների կիրառումը Հայաստանում ամրապնդելու նպատակով՝ առաջիկայում կկատարվեն օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցնեն եվրաստանդարտներին՝ հատկապես խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ոլորտում:

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, կարևորելով ժողովածուի նշանակությունը իրավաբանական ոլորտում, նշեց, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները կենսական նշանակություն ունեն նաև բուհերում սովորողների համար, քանի որ դրանց կիրառությունը լայն հնարավորություն է ստեղծում ուսուցանել ինչպես իրավագետներին, այնպես էլ ապագա դատավորներին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների անունից ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին հայտնեց, որ վստահելի դատական համակարգի ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կանխատեսելի արդարադատությունը: Քրեական պալատի որոշումները կարևոր են և գիտականորեն փաստարկված և հիմնավորված: Կարևոր է, որպեսզի իրավակիրառ պրակտիկայում այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառվեն դատարանների կողմից:

Ելույթ ունեցավ և ժողովածուի բովանդակությունը ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ ժողովածուի բովանդակությունը միտված է քրեական պալատի որոշումները հասու դարձնելու ինչպես իրավաբանական հանրությանը, այնպես էլ հասարակության լայն շրջանակներին, ինչը կարելի է համարել այդ որոշումների կիրառության ապահովման առաջին քայլը: Այլևս իրողություն է, որ քրեական պալատի կայացրած 550-ից ավելի նախադեպային որոշումները կարևոր նշանակություն ունեն քրեական արդարադատության ոլորտում իրավունքի գերակայությունն ապահովելու, վստահելի, կանխատեսելի և թափանցիկ արդարադատություն ձևավորելու, այդ համատեքստում մարդու իրավունքները և ազատությունները երաշխավորելու գործում: Այս պայմաններում կայացված նախադեպային որոշումների կիրառության ապահովումը օրակարգային խնդիր է:

Ըստ բանախոսի, ժողովածուում ընդգրկված 2016 թվականին կայացված 56 որոշումները, որոնք վերաբերում են ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքին, արտահայտում են ՀՀ վճռաբեկ դատարանի որդեգրած քաղաքականության բնութագրական գծերը: Դրանցից առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական արժեքների և իրավաբանական հայեցակարգերի հետևողական իմպլեմենտացիան է, 2-րդը՝ Վճռաբեկ դատարանի նախկինում ձևավորած իրավական դիրքորոշումների զարգացումը, 3-րդը՝ մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռության որոնումը և հաստատումը:

Որոշումների շարքում զգալի տեղ են զբաղեցնում դատական սխալների շտկմանն ուղղված դատական ակտերը, ինչը նախորդ տարիներին նախանշված ռազմավարության շարունակությունն է: Վերջինս առավել արդիական դարձավ նաև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրվեց մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու ՀՀ վճռաբեկ դատարանի պարտականությունը:

Ժողովածուն տպագրվել է ՀՀ դատավորների միության և Հայ-ռուական համալսարանի աջակցության շնորհիվ: