Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ծագման հիմքերը

26.07.2017

Թիվ ՎԴ/2632/05/15 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու, օտարելու, ոչնչացնելու կամ կորցնելու զանցակազմի հիմքով վարչական պատասխանատվության առաջացման առանձնահատկությունների վերաբերյալ:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը տիրապետելու իրավունք ունեցող անձից բացի այն փաստացի այլ անձի տիրապետման տակ գտնվելը ոչ բոլոր դեպքերում է նշանակում, որ առկա է «հանձնում»՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի իմաստով: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ նշված հոդվածով նախատեսված արարքի՝ տրանսպորտային միջոցը հանձնելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական վարույթի ընթացքում պետք է ձեռք բերվեն բավարար և անհերքելի ապացույցներ հետևյալի մասին. ա) փաստացի այլ անձի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցը գտնվում է մաքսային հսկողության ներքո, բ) տրանսպորտային միջոցն այլ անձի տիրապետման տակ է հայտնվել առանց մաքսային մարմնի թույլտվության, գ) մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը հայտնվել է այլ անձի փաստացի տիրապետման տակ այն տիրապետելու իրավունք ունեցող անձի մեղքով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, եզրահանգել է, որ այն դեպքում, երբ այս կամ այն անձի անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը հանձնվել է այդ անձի ներկայացուցչին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան կողմից, ապա տվյալ անձը ենթակա չէ վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգքրի 198-րդ հոդվածով նախատեսված զանցանքի՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն ապօրինի կերպով հանձնելու համար:

 

Վարչական գործ թիվ ՎԴ/2632/05/15