Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

<<ԴԱՏԱԼԵՔՍ>> ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

06.07.2017

2017 թվականի հունիսի 29-ին ՀՀ դատական դեպարտամենտը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ներկայացրել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի նորացված տարբերակը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, ՀՀ դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի նորացված տարբերակը մշակած «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս ընկերության ներկայացուցիչներ ու մասնագետներ:

«Դատալեքս»-ն էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած քաղաքացու տեղեկատվություն ստանալ ՀՀ ցանկացած դատարանում ընթացող կամ ավարտված դատական գործի մասին և ծանոթանալ դատական ակտերի ամբողջական տեքստերին, ինչպես նաև հետևել հանրապետության բոլոր դատարաններում ընթացող դատական գործերի ժամանակացույցին:

Միջոցառմանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը ողջունելի է համարել այն հանգամանքը, որ հանրային ծառայությունները Հայաստանում դառնում են ավելի բաց և թափանցիկ և շնորհակալություն հայտնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ նկատելով, որ ՀՀ դատական դեպարտամենտը տարածաշրջանում առաջինն է հանձն առել նման կարևոր ու պատասխանատու աշխատանք:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն իր հերթին նշել է, որ համակարգի աշխատանքն ի սկզբանե գտնվել է ՀՀ դատական դեպարտամենտի ուշադրության կենտրոնում և պարբերաբար ձեռնարկվել են միջոցառումներ՝ «Դատալեքս»-ի   կարողություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

««Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվում առցանց կատարել դատական գործերի որոնումներ, տեսնել  դատական գործին վերաբերող բոլոր տեղեկությունները և հետևել կոնկրետ գործերի ընթացքին, սա իր հերթին նպատակաուղղված է նաև դատական համակարգի գործունեության հրապարակայնության ապահովմանը, և տեղեկատվական համակարգի կենսագործունեությունն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ այն ոչ միայն անհրաժեշտ գործիք է, այլև հանրության կողմից ընկալված ու պահանջված»,-նշել է Կարեն Փոլադյանը:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խոսքով, նորացված տարբերակում քաղաքացին հնարավորություն կունենա դատական գործերի բանալի բառերով և քրեական օրենսգրքի հոդվածներով կատարել որոնումներ, օրինաչափություններ դուրս բերել և իրականացնել հետազոտություններ, ինչպես նաև գործի ընթացքին հետևել հատուկ օրացույցի միջոցով:

«Եթե ծրագրի կենսագործումը ցույց տա, որ այն գործնականում արդարացնում է իրեն, մեր գործընկեր միջազգային կառույցների՝ մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին խնդրելու ենք, որպեսզի շարունակենք համագործակցությունն այս ոլորտում և «Խելացի որոնում» պատուհանը ունենանք քաղաքացիական և վարչական գործերի պարագայում ևս»,-ասել է Կարեն Փոլադյանը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը մշակած «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս ընկերության ներկայացուցիչ Վահե Ղազարյանը և իրավական փորձագետ Հայկ Մալխասյանը տեսաշարով ներկայացրել են համակարգի հետ կապված բարեփոխումները՝ մասնավորապես, նրանց հավաստմամբ, բարձրացվել է համակարգի արագագործությունը և թողունակությունը, էականորեն բարելավվել են առկա ինտերֆեյսները, տվյալների կառուցվածքային մոդելը, փնտրման համակարգի գործիքակազմը՝ «Խելացի որոնում» անվամբ, որը հետապնդում է երեք կարևոր նպատակ՝ պարզ բառային համընկնումների փոխարեն հանցակազմերի համընկում, իրավական եզրույթների կիրառման հետ միասին ոչ իրավաբանին հարմարեցված որոնում, արդյունքների դասակարգում՝ նախապատվությունը տալով այն դատական ակտերին, որոնցում որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշում:

Միջոցառման ավարտին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նարեկ Գաբրիելյանը և տեխնիկական մասնագետները պատասխանել են լրագրողներին հուզող հարցերին: