Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

07.06.2017

 

2017 թվականի մայիսի 28-31-ը ՀՀ արդարադատության խորհրդի պատվիրակությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ Լեհաստանի Հանրապետության Ազգային դատական խորհրդի նախագահ Դարիուշ Զավիստովսկու հրավերով գտնվել է Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում:

ՀՀ արդարադատության խորհրդի պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ Գրիգոր Բադիրյանը և Գագիկ Խանդանյանը: Պատվիրակությունն ուղեկցում էր ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:

ՀՀ արդարադատության խորհրդի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի Հանրապետության Ազգային դատական խորհրդի նախագահի և անդամների, Գերագույն դատարանի նախագահի և դատավորների, Գերագույն վարչական դատարանի փոխնախագահի և դատավորների, Վարշավայի ռեգիոնալ դատարանի դատավորների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի հետ:

Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունները, արդարադատության համակարգերում առկա խնդիրները, Սահմանադրական և օրենսդրական բարեփոխումներն ու դրանցից բխող մի շարք արդի հարցեր: Բացի այդ, հայկական պատվիրակությունն այցելել է Հայկական կիրակնօրյա դպրոց, ծաղկեպսակ դրել Վարշավայի Հայկական այգում տեղադրված խաչքար-հուշարձանին, հանդիպել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին:

Պաշտոնական այցի ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել երկկողմ հարաբերությունները և պարբերաբար նման մասնագիտական քննարկումներ կազմակերպել: