Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Արդյո՞ք աշխատավարձի չվճարման դեպքում կետանցված աշխատավարձի նկատմամբ կարող են հաշվարկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները և ո՞ր դեպքերում

11.04.2017

Թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով 2017 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել չվճարված աշխատավարձի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման հնարավորության վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ աշխատավարձը չվճարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել է պատասխանատվության հատուկ կանոն, և աշխատավարձը չվճարելու համար ենթակա է կիրառման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն դեպքերը, երբ աշխատողի ներկայացրած հայցի հիման վրա առկա է աշխատավարձի բռնագանձման վճիռ, որը չի կատարվել՝ գտնելով, որ նման դեպքերում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, այն է՝ դրամական պարտավորությունը խախտելու համար պատասխանատվությունը, քանի որ նման պայմաններում գործատուն ոչ թե պարզապես աշխատավարձը չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարման արդյունքում որպես պատասխանատվության միջոց տոկոսներ հաշվարկելիս պետք է հաշվի առնել, թե որ պահից է փաստացի սկսել իրավախախտումը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ պահը համընկնում է վերջնական դատական ակտը պարտապանին հասու լինելու պահի հետ, այսինքն՝ թե որ պահից է պարտապանն իմացել կամ իրական հնարավորություն ունեցել իմանալու, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ունի դրամական պարտավորություն:

 


Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3908/02/14