Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Արդյո՞ք ժառանգները կրում են ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականություն այն դեպքում, երբ նրանք ժառանգական գույքի փաստացի տիրապետմամբ ընդունել են ժառանգությունը

11.04.2017

Թիվ ԵԱՔԴ/2190/02/15 և թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործերով 2017 թվականի ապրիլի 7-ի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել ժառանգությունը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու դեպքում ժառանգների կողմից պարտատերերի պահանջների բավարարման հարցի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ որպես կամքի ինքնավարության սկզբունքի դրսևորում՝ ժառանգն ինքն է որոշում՝ ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, հետևաբար անձին չի կարելի պարտադրել ընդունել ժառանգությունը, այդ թվում՝ ժառանգին չի կարող ներկայացվել ժառանգությունն ընդունելու պահանջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հավելել է, որ այն դեպքերում, երբ ժառանգը որոշում է օգտվել իր իրավունքից և ընդունել ժառանգությունը, ապա այդ իրավունքն իրացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված եղանակներից որևէ մեկով: Հետևաբար, եթե ժառանգը սահմանված ժամկետում դիմում է ներկայացնում նոտարին կամ սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, ապա համարվում է, որ ժառանգն օգտվել է իր իրավունքից, որը հանգեցնում է դրանից անմիջականորեն բխող պարտադիր վարքագծի դրսևորման անհրաժեշտության՝ կապված հատկապես ժառանգատուի պարտատերերի առջև պատասխանատվության հետ: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն դեպքերում, երբ ժառանգները փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունում են ժառանգությունը, ապա պատասխանատվություն են ստանձնում ժառանգատուի՝ իրավահաջորդություն թույլ տվող պարտավորությունների համար՝ անկախ այն հանգամանքից ժառանգության ընդունումը ժառանգության իրավունքի վկայագրով ձևակերպվել է, թե՝ ոչ:

 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2190/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0985/02/14